Բիզնես գաղափարների մրցույթ. ներկայացնում էին ապագա մարքեթոլոգները

Դիտումների քանակ՝ 2330

Նորարարական գաղափարներով ու դրանք ստեղծագործական մոտեցումներով իրագործելու առաջարկություններով այսօր կրկին հանդես եկան ՀՊՏՀ ապագա մարքեթոլոգները: Բիզնես պլան կազմելու առաջադրանքը գուցե կրկնվում էր, բայց գաղափարներն ու առաջակությունները, միանգամայն նոր էին: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսում դասավանդվող «Մարքեթինգի ծրագիր» առարկայի դասախոսներ, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Մարինե Նիկողոսյանը և ասիստենտ Ծովինար Սարգսյանը ուսանողներին հանձնարարել էին թղթին հանձնել իրենց բիզնես գաղափարները և ամենայն մանրամասնությամբ՝ հումքի ձեռքբերումից մինչև փաթեթավորում և առևտրային գործընթաց, այսօր ներկայացնել բաց դասում: Բիզնեսով հետաքրքրված ուսանողներն էլ ջանք չէին խնայել իրենց գաղափարների շնորհանդեսը հավուր պատշաճի կազմակերպելու գործում, և խելամտորեն նկատի էին առել այն, որ գուցե գաղափարը հետաքրքրի դասախոսներին և մրցութային հանձնաժողովին և առավել շուտ կյանքի կոչվի (նրանք դասախոսներից ակնկալում էին խորհրդատվություն, ֆինանսավորման աղբյուրների որոնման հարցում ուղղորդում և այլն):

Մարքեթոլոգների առաջարկությունները լսելու և գնահատելու էին եկել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչի ժ/պ Վադիմ Գրիգորյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը: Իսկ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որը կողքի լսարանում հեռակա մագիստրատուրայի պաշտպանություններին էր հետևում, տեսնելով ուսանողների ոգևորությունը, միացավ նրանց և ունկնդրեց ելույթները: Պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն ասաց, որ իրենց գաղափարներն իրագործելու նպատակով ուսանողները կարող են համագործակցել նաև ՀՊՏՀ նորաստեղծ «Change Lab»-ի հետ, ստանալ օգտակար խորհրդատվություն:

Նորաթուխ մարքեթոլոգների կազմած բիզնես պլանները իրավամբ ուշագրավ էին. մասուրի թեյից մինչև նորարարական պաղպաղակների արտադրություն, գիշերակացի հնարավորությամբ գրադարան-սրճարանի հիմնում. գաղափարներ, որոնց հիմքում ոչ միայն շահույթ ստանալու նպատակն էր, այլև շուկայում նոր խոսք ասելու և սպառողին զգայական նոր ապրանք առաջարկելու մղումը:

Դասախոսներն ի սկզբանե հայտարարել էին, որ լավագույն բիզնես գաղափարները կարժանանան խրախուսական մրցանակների և ելույթները լսելուց հետո առավել մեծ ոգևորությամբ իրականացրին մրցանակաբաշխություն: Այսպիսով, առաջին մրցանակի արժանացավ Մելինե Աբրահամյանի և Աքսենյա Վարդանյանի բիզնես գաղափարը, որով առաջարկվում էր գրադարան-սրճարան-հյուրատան հիմնում, 2-րդ տեղը զբաղեցրեց Մուշեղ Հակոբյանի, Տիգրան Ղազարյանի և Արմեն Թովմասյանի բիզնես պլանը՝ մասուրի թեյի արտադրության մասին, իսկ 3-րդ տեղը զբաղեցրին Աստղիկ Նիկողոսյանն ու Գայանե Միքայելյանը, ովքեր առաջարկում էին, այսպես կոչված, նանո պաղպաղակի ստեղծում: Դասախոսների կողմից հաղթողները որպես մրցանակ ստացան մշակութային ժամանցի վայրերի տոմսեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին