ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բացվել է հանրային QR գրադարան

18.02.2021
Դիտումների քանակ՝ 1127

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 17-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել հանրային QR գրադարանի հանդիսավոր բացում, որին մայր բուհից ներկա են եղել ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը։

Գրադարանից կարող են օգտվել ոչ միայն մասնաճյուղի ուսանողները, այլև տնտեսագիտությամբ ու հարակից ոլորտներով հետաքրքրված անձինք՝ առանց որևէ սահմանափակման։ Այս մասին asue.am-ին հայտնեցին Գյումրու մասնաճյուղի մեր գործընկերները։ Ի տարբերություն ավանդական գրադարանների՝ այստեղ հարկավոր չէ գրանցվել, անձնագիր ներկայացնել․ բավական է միայն մուտք գործել սրահ, ընտրել գիրքն ու սկանավորել պատին փակցված համապատասխան QR կոդը: Սրահում կա բաց ինտերնետ հասանելիություն, պլանշետներ, ստեղծված է հարմարավետ միջավայր ընթերցանության համար։

Գրադարանն իր տեսակի մեջ եզակի է, հին գրքերին փոխարինելու են գալիս QR կոդերն ու նորագույն տեխնոլոգիաները՝ ապահովելով արդիական գրականություն։

Նախաձեռնությունը նաև նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների միջոցով երիտասարդներին հաղորդակից դարձնել արդի գրականությանն ու ստեղծել միջավայր, որը կնպաստի ընթերցանությանը։ Գրադարանի ստեղծումն ինչ-որ չափով կակտիվացնի նաև տեղի բնակիչների կյանքը՝ ապահովելով նրանց հաճելի ժամանցն ու ինքնակրթությունը, քանի որ թաղամասը ծայրամասային է, կենտրոնական ու մարզային գրադարանները գտնվում են քաղաքի կենտրոնում:

Բացման միջոցառման ընթացքում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը նշել է, որ այժմ գրադարանում կա 8 բաժին, յուրաքանչյուրում մոտ 100 մասնագիտական գիրք, սակայն նախատեսվում է անընդհատ ավելացնել գրականության քանակն ու ուղղվածությունը՝ ներառելով նաև գեղարվեստական արդի գրականություն:

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջունել է մասնաճյուղի նախաձեռնողականությունն ու հույս հայտնել, որ ուսանողները կսկսեն ավելի շատ կարդալ, իսկ ստացված գիտելիքները կուղղորդեն մարզի ու հանրապետության տնտեսության զարգացմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին