Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

31.05.2023
Դիտումների քանակ՝ 610

Այսօր կայացավ Տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանը։

Օրակարգային առաջին հարցով գիտական խորհուրդը հաստատեց ՀՊՏՀ էթիկայի հանձնաժողովի կազմը, որի կանոնակարգն ու աշխատակարգը հաստատվել էին նախորդ նիստում։

Այնուհետև մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը հանդես եկավ ֆակուլտետի 2021-2022 ուստարվա և 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի հաշվետվության ներկայացմամբ՝ անդրադառնալով ուսման առաջադիմությանը, ընդունելության բարձր մակարդակին, ֆակուլտետի ուսանողների թվին (957, ինչը, դեկանի խոսքով, 10 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից), ակադեմիական կազմի գիտական գործունեությանը՝ ընդգծելով, որ կարիք կա այս ուղղությամբ աշխուժացնելու աշխատանքները: Դեկանի հաշվետվությունը հաստատվեց։

Օրակարգային հերթական հարցով գիտական խորհուրդն անցկացրեց դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մրցույթները, որոնց մասին զեկուցեցին ռեկտոր Դիանա Գալոյանը և մրցութային հանձնաժողովի նախագահ, փ․գ․դ․, պրոֆեսոր, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը։ Փակ գաղտնի քվեարկությամբ դոցենտի գիտական կոչումներ շնորհվեցին լեզուների ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Լիլիթ Հակոբյանին և կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Գյուլլո Արաբյանին։ ՀՊՏՀ ռեկտորը շնորհավորեց թեկնածուներին և նշեց, որ երկու դասախոսներն էլ աչքի են ընկնում իրենց նախաձեռնողականությամբ, բարեխիղճ և նվիրված աշխատանքով, և որ բուհում նման աշխատակիցներին խրախուսելը կարևոր է։

Այնուհետև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը ներկայացրեց վերանայված, նորովի մշակված և գիտխորհրդին կից ուսումնամեթոդական հանձնաժողովի կողմից երաշխավորված «Կառավարում (ըստ ոլորտի)», «Տեղեկատվական համակարգեր», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» մասնագիտության բակալավրական կրթական ծրագրերի առկա ուսուցման ուսումնական պլանները, «Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի, ինչպես նաև 2023-2024 ուսումնական տարվանից սկսած ներդրվելիք մագիստրոսական ուսուցման «Միջազգային տնտեսական հարաբերություններ» կրթական ծրագրի՝ փոփոխության ենթարկված ուսումնական պլանները, որոնք բոլորը հաստատվեցին։ Ուսումնական պլաններից 3-ը մշակվել են ԿԲ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի ֆինանսավորմամբ ձևավորված, իսկ մյուսները՝ ներամբիոնային աշխատանքային խմբերի կողմից։ Պրոռեկտորը կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ամբիոնների աշխատակազմերին, որակի ապահովման բաժնին։ Քննարկումից հետո ներկայացված բոլոր ծրագրերի պլանները հաստատվեցին։

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնաօժանդակ գրականության պլանավորման, պատրաստման և հրատարակման կարգում» լրացում կատարելու մասին հարցը, որով առաջարկվում է «Տնտեսագետ» հրատարակչությունում տպագրվող բոլոր հրատարակությունների կույր գրախոսության համար սահմանել վարձատրություն։

Պրոռեկտորը զեկուցեց նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից ներբուհական դրամաշնորհային մրցույթների շրջանակներում ներկայացված «Ուսանողների արժեքային կողմնորոշիչները թվային դարաշրջանում» հետազոտական թեման, որը հաստատվեց։ Նիստի ավարտին գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց լեզուների ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Լուսինե Հարությունյանի և ավագ դասախոս Ռուզաննա Խոստիկյանի «English in Finance and Banking», ինչպես նաև նույն ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Գայանե Հովհաննիսյանի «Практикум по деловому письму» ուսումնական ձեռնարկները։