Ճանաչողական այցով ՀՊՏՀ-ում էր ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանը

16.01.2023
Դիտումների քանակ՝ 808

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն Մուհամետգելդի Այազովին և դեսպանության երկրորդ քարտուղար Իհլաս Ջումանազարովին։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը։

ՀՊՏՀ ռեկտորը ողջունեց դեսպանի այցը ՀՊՏՀ և ներկայացրեց համալսարանի գործունեությունը՝ ընդգծելով, որ մեր բուհը կադրեր է պատրաստում տնտեսագիտական բոլոր մասնագիտություններով, անդրադարձավ գիտահետազոտական գործունեությանը՝ մանրամասնելով «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքները և ընդգծեց արտերկրի բուհերի հետ համագործակցելու պատրաստակամությունը։

Մուհամետգելդի Այազովը ներկայացրեց դեսպանության աշխատանքները՝ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղղությամբ և նշեց, որ այցի հիմնական նպատակը Թուրքմենստանի տնտեսագիտության և կառավարման պետական ինստիտուտի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հեռանկարների քննարկումն է։

Դեսպանը և ռեկտորը կարևորեցին գիտահետազոտական ուղղությամբ համագործակցությունը, մասնավորապես՝ երկու երկրների տնտեսական հարաբերություններին վերաբերող հետազոտությունների անցկացումը։ Որոշվեց քննարկումից և առաջնահերթությունների հստակեցումից հետո ստորագրել հուշագիր։