«Ամբերդ» մատենաշարի 64-րդ թողարկումն առցանց է
«Ամբերդ» մատենաշարի 64-րդ՝ «Կենսաթոշակային, աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունները սոցիալական պետության ձևավորման համատեքստում» հետազոտության էլեկտրոնային տարբերակն այսօրվանից հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։
Հետազոտության հեղինակներն են Զոյա Թադևոսյանը (հետազոտական խմբի ղեկավար), Թադևոս Ավետիսյանը, Տաթևիկ Մկրտչյանը, Դիանա Մաթևոսյանը, Կամո Դավթյանը, Համլետ Մկրտչյանը (հետազոտական խմբի անդամներ):
Անդրադառնալով սույն հետազոտության իրականացման սկզբունքներին, նպատակներին և արդյունքներին՝ հեղինակներն ընդգծում են, որ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի աշխատաշուկան բնութագրող հիմնական և մակրոտնտեսական մի շարք ցուցանիշների փոխառնչությունների վերլուծության, դրանց միտումների գնահատման, կենսաթոշակային, աշխատանքային և զբաղվածության հարաբերությունների միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա մշակվել և ներկայացվել են ՀՀ պետական և ոչ պետական հատվածների աշխատավարձերի ձևավորման մեթոդաբանական հիմքերին, գործող կանոնակարգումներին, աշխատանքային կենսաթոշակների չափերի սահմանմանն ու ավելացմանն առնչվող հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներ, զբաղվածության աջակցության պետական ծրագրերի և արդյունքների գնահատման, ինչպես նաև նշված բնագավառներում սոցիալական քաղաքականության առկա բացերի վերացման և գործող համակարգերի բարելավման առաջարկություններ:
Հետազոտությունը կարող է օգտակար լինել կենսաթոշակային, աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունները մշակող պատկան մարմինների, նշված ոլորտների զարգացման առնչությամբ գիտական հետազոտություններ իրականացնող անձանց և այլ շահառուների համար:
Հետազոտական խումբը խորին երախտագիտություն է հայտնում փորձագետներ՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանին, Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լաուրա Դեմիրչյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կորյուն Ղազարյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանին։