Միջազգային գիտաժողովում «Ամբերդի» փորձագետը խոսել է ՀՀ գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխությունների հնարավոր ազդեցության շուրջ

Դիտումների քանակ՝ 2030

Հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Պարենային անվտանգության եվրասիական 4-րդ միջազգային գիտաժողովը, որին ՀՊՏՀ-ից մասնակցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը: Գիտաժողովի լիագումար նիստում նա ներկայացել է «Կլիմայի փոփոխությունը և ՀՀ գյուղատնտեսությունը» զեկուցմամբ:

Գիտահանրամատչելի հոդվածում պրոֆեսորը անդրադարձել է բիբլիական Մեծ ջրհեղեղից մինչև մեր օրերը կլիմայի փոփոխության դրսևորումներին և 2030, 2050, 2100 թվականների կանխատեսումներով ՀՀ գյուղատնտեսության հնարավոր փոփոխություններին:

asue.am-ի հետ զրույցում Սամվել Ավետիսյանը, խոսելով իր զեկուցման կարևոր շեշտադրումների մասին, նշեց մի քանի ցուցանիշներ, ըստ որի՝ վերջին 100 տարում Հայաստանում տարեկան տեղումների քանակը կրճատվել է 5,8-6%-ով, իսկ օդի ջերմաստիճանը բարձրացել է 0,85°C-ով, և եթե միտումները պահպանվեն, ապա 2100թ. ՀՀ-ում տեղումները կկրճատվեն 10 %-ով, այսինքն ներկայիս 569 մմ-ի փոխարեն կկազմեն 510 մմ, իսկ միջին ջերմաստիճանը կբարձրանա` 1,7 °C-ով: Դրա հետևանքով լանշաֆտային գոտիները դեպի վեր կտեղաշարժվեն 100-150 մ-ով:

«Նշվածի հետևանքով, ինչպես կանխատեսում ենք, մշակաբույսերի բերքատվությունը կնվազի 10%-ով, իսկ անասնաբուծական արտադրանքը կկրճատվի մոտ 30 %-ով: Առավել կոնկրետ, հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը կնվազի 9-13 %-ով, բանջարեղենայինը՝ 7-14%-ով, կարտոֆիլինը 8-10%-ով, պտղատու մշակաբույսերինը՝ 5-8 %-ով և այլն: Իհարկե այս ոչ ցանկալի փոփոխությունները տեղի կունենան այն պարագայում, եթե կլիմայի փոփոխության կանխարգելման և հարմարեցման համար միջոցառումներ չձեռնարկվեն»,-ասաց Սամվել Ավետիսյանը:

Գիտաժողովի մասնակիցների ուշադրությանն են արժանացել ՀՊՏՀ գիտնականի առաջարկությունները՝ ուղղված կլիմայի փոփոխությունների հետևանքով ՀՀ գյուղատնտեսության ոչ ցանկալի փոփոխությունների կանխարգելմանը: Օրինակ՝ ինտենսիվ տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման համակարգի, խելացի ջերմոցների և անասնաշենքերի, հակակարկտային ցանցերի և հրթիռային կայանների հիմնում, նոր՝ առավել դիմացկուն ու բարձր բերքատու սորտերի շրջանացում:

Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Պարենային անվտանգության եվրասիական կենտրոնը, Պարենային քաղաքականության հետազոտությունների միջազգային կենտրոնը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՖԱՕ) և Չորային երկրների գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնը (ԻԿԱՌԴԱ), մասնակցել են շուրջ չորս տասնյակ երկրների գիտնականներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին