ՀՀ դրամը երեկ, այսօր և ապագայում

22.11.2022
Դիտումների քանակ՝ 1313

29 տարի առաջ՝ 1993 թվականի նոյեմբերի 22-ին, Հայաստանում ներդրվեց ազգային արժույթը՝ ՀՀ դրամը, որի անհրաժեշտությունը հրամայական էր դեռևս անկախության առաջին տարվանից։

ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Լևոն Բարխուդարյանը, ով 1993-1997 թթ․ զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, այսօր՝ տարիների հեռվից, հիշում է իր ղեկավարած կառույցի առջև ծառացած մարտահրավերներն ու պատասխանատվության մեծ չափաբաժինը՝ ծանրագույն այդ ժամանակաշրջանում գրեթե հեղափոխական որոշում ընդունելու և այն իր վերջնակետին հասցնելու ճանապարհին։

Ազգային արժույթի ներդրումը ժողովրդի կողմից գրկաբաց ընդունելության արժանացավ։ Ուշագրավ է, որ գործընթացն իրականացավ առանց որևէ օրենսդրական խախտման, զերծ՝ կեղծարարություններից։ Հետագա տարիներին «դրամն» իր գոյությամբ ապացուցեց՝ մեր ինքնիշխանության ու անկախ պետականության կարևոր խորհրդանիշներից ու լծակներից մեկը նաև ինքն է։

Լևոն Բարխուդարյանը նկատում է՝ մինչ ազգային դրամի ներդրումը՝ Հայաստանը, գտնվելով ռուբլու գոտում, դրամավարկային և բյուջետային ինքնուրույն քաղաքականություն չէր կարող վարել։ Ազգային արժույթի գոյությունը և ճիշտ վարվող ինքնուրույն քաղաքականությունը մեզ հնարավորություն ընձեռեցին՝ շրջանցելու մի քանի ճգնաժամերի ուղղակի ազդեցությունն ու զերծ մնալու դրանց բացասական հետևանքներից։ Այս առումով, դրամի արժեքն անբեկանելի է։ «Մենք պետք է անկախ դրամավարկային քաղաքականություն վարենք՝ մեր անկախ պետականությունը պահելու համար»,- ասում է Լևոն Բարխուդարյանը։

Ինչ վերաբերում է դրամի զարգացումներին, տնտեսագետը մեծ ռիսկեր ու հակասություններ է տեսնում․ «Դրամի արժևորման դեպքում ակնկալվում է ներկրվող ապրանքների էժանացում, մինչդեռ այսօր պատկերը հակառակն է։ Եթե ազգային դրամը արժեզրկվում է կամ դոլարը՝ արժևորվում, դա նպաստում է արտահանման աճին, հարկ է լինում որոշակի լծակներով զսպել սղաճի մակարդակը, բայց այսօր ո՛չ մեկն է արվում, ոչ՝ մյուսը։ Մենք կարող ենք հաջողությունների հասնել՝ էապես բարձրացնելով արտահանումը»։

Հարցին ի պատասխան, թե ուր է գնում այսօր դրամը, Լևոն Բարխուդարյանը կանխատեսում է՝ դրամի նկատմամբ արտարժույթի հետագա արժևորում չի լինի, բայց այն ցանկալի է համարում, որպեսզի արտահանողների, ՏՏ ընկերությունների և այլ տնտեսավարողների հիմնախնդիրները փոքր-ինչ մեղմվեն, և ավելի արագ զարգանալու պայմաններ ստեղծվեն։ Տնտեսագետի համոզմամբ՝ գրագետ քաղաքականության պայմաններում դրան կարելի է հասնել։ «Դրամայնացման մակարդակը պետք է գնալով աճի։ Այս առումով, ես ողջունում եմ այն որոշումները, որոնցով անկանխիկ վճարումները սկսել են գերակշռել, և դրամով պետք է լինեն մեր բոլոր գործարքները հանրապետության ներսում․ վերջիվերջո, դա օրենսդրական պահանջ է։ Ցանկությունս է, որ արժութային քաղաքականությունն ավելի համապատախան լինի մեր շահերին, ինչը ենթադրում է սղաճի զսպում, արտահանման խթանում, արտահանման առաջանցիկ աճ և մրցակցային բաց միջավայր։ Այդ միջավայրը պետք է կատարյալին ձգտի, դա է դեպի Հայաստան ներդրումների հոսքի կարևոր նախապայմանը»,- ամփոփում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տնտեսական միջավայրում խաղի կանոնները պետք է հավասար լինեն բոլորի համար։