ՀՊՏՀ-ում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-հերոսների լսարան
Այսօր Տնտեսագիտական մայր բուհում հիշատակի և մեծարման ցերեկույթ էր. ֆինանսական ֆակուլտետում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողներին նվիրված լսարան, որը կրում է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անունը։
Մեր քաջ տղաներից յուրաքանչյուրը մի հերոսապատում կերտած մարտիկ է, նրանք այսուհետ այս լսարանից հայրենասիրության ու խիզախումի կենդանի դասեր պիտի ավանդեն սերունդներին:
Լսարանի բացման հյուրերն էին հերոսների ծնողները, հարազատները ու կուրսընկերները։
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջույնի խոսքում ասաց, որ Տնտեսագիտական համալսարանը պատերազմում կորցրել է իր որդիներին, որոնց հիշում է, հիշելու է ու երբեք բացակա չի դնի…
«Մենք այսօր ապրում ենք նրանց շնորհիվ։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ ծնողներ, որ մեր ազգին նման հերոս-զավակներ եք պարգևել։ Մեր խոնարհումը ձեզ և իմացեք, որ բուհը միշտ ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու»,-ասաց Դիանա Գալոյանը։
ՀՊՏՀ մագիստրանտ Ժորա Ստեփանյանն իր ելույթում ընդգծեց, որ իրեն բախտ է վիճակվել ճանաչել տղաներից շատերին և ավելացրեց՝ «Համալսարանի ուսանողության անունից հայտնում եմ, որ միշտ հիշելու ենք մեր հերոսներին։ Նրանք մեծ պարտավորություն դրեցին մեր առջև, մենք իրենց կիսատ թողած գործի շարունակողն ենք…»։
«Զինվորը մեծագույն արժեք է, և յուրաքանչյուր ազգի հիմքը։ Մեր պետությունն ու ազգը պարտական են ձեզ, որ հերոսներ եք տվել իրեն։ Նա, ով կարող է հայրենիքի համար զոհաբերվել, արժանապատվություն ունեցող մարդ է, ազգային բարձր գիտակցություն ունեցող մարդ է…»,-ասաց դոցենտ Յուրի Հովականյանը՝ արժևորման և շնորհակալական խոսք ուղղելով ծնողներին։
Ելույթ ունեցան և բուհի ղեկավարությանն ուղղված խոսք ասացին հերոսների ծնողները, հարազատները։
Ցերեկույթը շարունակվեց ՀՊՏՀ դահլիճում՝ «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությամբ, որի առաջնախաղը կայացել էր հունիսի 16-ին։
ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ և բեմադրությամբ, ուսանողների դերակատարմամբ այն կրկին ոգեկոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների անմար հիշատակը…
Լիլիթ Դադայանը asue.am-ի հետ զրույցում ընդգծեց. «Զոհված ուսանողների հիշատակը վառ պահելու առաքելությունը մշտապես ՀՊՏՀ ուշադրության կենտրոնում է, և լսարանի բացման նախաձեռնությունը ևս դրան է միտված: Այն, վստահաբար, երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության խթան կհանդիսանա: «Իմ անուշ տղա» ներկայացումը, որպես երախտագիտության և խոնարհումի տուրք, որդուն կորցրած մոր տառապանքների մասին է, որի նպատակն է հաղթահարել ցավն ու ապրելու ցանկություն արթնացնել պատերազմի արհավիրքով անցած որդեկորույս մայրերի հոգում»։
Մենք զրուցել ենք նաև հերոսների հարազատների հետ։ ՀՊՏՀ հերոս Գոռ Անդրեասյանի մայրը՝ Նորա Հարությունյանն ասաց, որ հատուկ մեծարման ցերեկույթին ներկա գտնվելու համար է Կապանից հասել Երևան։ «Վիշտը խորն է, մխիթարություն չունի, սակայն տեսնելը, որ մեր զավակներին հիշում են, փոքր-ինչ թեթևացնում է ցավը»։
Հերոս Արման Մալխասյանի եղբայր, ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանող, պատերազմի մասնակից Արթուր Մալխասյանի խոսքով՝ պետք է նմանօրինակ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն։
«Այնտեղ, որտեղ կա իմ հերոս եղբայրը, մեծ արժեք կա։ Այս լսարանն էլ այդ վայրերից մեկը կդառնա։ Եվ, իհարկե, կյանքը շարունակվում է, պետք է ապրել, ուրախություններն էլ պետք է տոնել, սակայն որպես պատերազմի մասնակից և հերոսի եղբայր՝ հորդորում եմ մեր ժողովրդին՝ երբեք չմոռանալ, որ տղաները հանուն մեզ զոհվեցին, միշտ վառ պահել նրանց հիշատակը»։
Վերահաստատում ենք՝ հերո՛ս տղաներ, դուք մի՛շտ ներկա եք։ Փա՛ռք ու պատիվ ձեզ։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին