Էրազմուսյան հերթական այցը Սալոնիկի համալսարան
«Էրազմուս+»-ի դասախոսների միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Լիլիթ Դադայանը սույն թվականի հոկտեմբերի 7-11-ն այցելել է Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան։
Լիլիթ Դադայանը բակալավրիատի ուսանողների համար դասախոսությունների շարք է վարել «Միջմշակութային մարքեթինգ» թեմայով՝ նույնանուն դասընթացի շրջանակում: Դասախոսությունների ավարտին անցկացվել է ինտերակտիվ վարպետության դաս։
«Ուսանողները հանդես եկան հետաքրքիր թիմային աշխատանքներով։ Սահմանված ժամանակահատվածում ուսումնասիրելով և վերլուծելով Հայաստանի և Հունաստանի շուկաների մշակութային առանձնահատկությունները` թիմերը մշակեցին մեկական բիզնես մոդել յուրաքանչյուր երկրի համար` ներառելով դասախոսությունների ընթացքում քննարկված CANVAS բիզնես մոդելի բոլոր կետերը։ Ներկայացված աշխատանքները հիմնված էին նորաստեղծական գաղափարների վրա, բավականին ուշագրավ էին և կիրառական, հետևաբար հաղթեց բարեկամությունը, և երկու թիմերն արժանացան մրցանակների»,- պատմեց Լիլիթ Դադայանը։
asue.am-ի հետ զրույցում անդրադառնալով այցի մյուս մանրամասներին՝ նա կարևորեց Արիստոտելի անվան համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ ունեցած արդյունավետ քննարկումները, ակադեմիական համագործակցության ընդլայնման և համատեղ հետազոտությունների իրականացման, հոդվածների հրապարակման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը: