ՀՊՏՀ-ում կրկին «բաց դռների օր» էր. այցելուները 8-11-րդ դասարանցիներն էին

20.04.2021
Դիտումների քանակ՝ 923

Այս տարի տնտեսագիտական մայր բուհում դիմորդների համար կազմակերպվեցին  աննախադեպ թվով «բաց դռների օրեր». երևանյան և մարզային  դպրոցների ավարտական դասարանների հարյուրավոր աշակերտներ ճանաչողական այց կատարեցին։ Նրանցից շատերը, անշուշտ, մեր այս տարվա դիմորդները կլինեն և ուսանող կդառնան՝ իրենց ընտրած համալսարանին արդեն իսկ քաջածանոթ։

Հաճելիորեն, մեր համալսարանի հանդեպ հետաքրքրություն է նկատվում նաև ապագա դիմորդների կողմից, և այսօր մեր հյուրերն  էին 8-11-րդ դասարանների մի խումբ աշակերտներ։ Նրանց այցը կազմակերպվել էր Հայկական Կարմիր խաչի և ՈւԽ համագործակցությամբ։  Անմիջական մթնոլորտում դպրոցականները ծանոթացան ՀՊՏՀ մասնագիտություններին, ֆակուլտետներին, միջազգային կրթական ծրագրերին, շրջեցին ու մասնակիցը դարձան ուսանողական անցուդարձի։

asue.am հետ զրույցում Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Ապրեսյանը նշեց, որ հետաքրքրված է մարքեթինգով և հաջորդ տարի հավանաբար ՀՊՏՀ է դիմելու. «Այսօր համոզվեցի, որ ՀՊՏՀ-ն լավագույն համալսարաններից է։ Երբ նախորդ ամռանը ուսումնասիրում էի ՀՀ բուհերն ու մասնագիտությունները, այն ինձ առանձնակի գրավեց և որոշեցի գալ ու տեղում ծանոթանալ։ Լուսանկարչությունն իմ հոբբին է, սիրում եմ ստեղծագործել և այն տնտեսագիտության հետ համատեղելով՝ որոշել եմ մարքեթինգի ոլորտում մասնագիտանալ»։

Մեր ապագա դիմորդներին հաջողություն ենք մաղթում։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին