ՀՊՏՀ ուսանողները մասնակցել են երիտասարդական փոխանակման հերթական ծրագրին
ՀՊՏՀ-ի և «Ստեղծարար երիտասարդություն» (Creative youth) ՀԿ-ի համագործակցության շրջանակում և «Էրազմուս+» ծրագրի ֆինանսավորմամբ Տնտեսագիտական համալսարանի ուսանողներ Գագիկ Կիրակոսյանը, Սյունե Ղալայանը, Անի Համբարյանը, Տաթևիկ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանն ու Էդիկ Խաչիկյանը մայիսի 11-20-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում մասնակցել են Say no to Radicalization («Ո՛չ ասեք ռադիկալացմանը») խորագրով միջազգային դասընթացին։
Նախագծին մասնակցել են 6 երկրներից (Հայաստան, Վրաստան, Իտալիա, Իսպանիա, Հունաստան, Ռումինիա) ժամանած մի քանի տասնյակ երիտասարդներ։ Յուրաքանչյուր օր նրանք բաժանվել են թիմերի, պատրաստել ու ներկայացրել շնորհանդեսներ արմատականության տարբեր դրսևորումների վերաբերյալ։
Կրթական առաջադրանքներից զատ, տարբեր ազգության երիտասարդները հնարավորություն են ունեցել նաև բացահայտելու նոր մշակույթներ, ձեռք բերելու նոր ընկերներ, ներկայացնելու իրենց երկրների երգն ու պարը, ավանդույթները, ազգային ուտեստները։
Մասնակիցների փոխանցմամբ՝ ծրագիրը հնարավորություն է տվել կատարելագործելու ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ գիտելիքները, ձեռք բերելու թիմային աշխատանքի փորձառություն, ամրապնդելու անգլերենի իմացությունը, ինչպես նաև ներկայացնելու մեր երկիրը, ազգային ավանդույթները, պարերը, խոհանոցը։
Նշենք, որ «Ստեղծարար երիտասարդություն» կազմակերպության հետ ՀՊՏՀ ակտիվ համագործակցության արդյունքում առաջիկայում ևս ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու երիտասարդների փոխանակման տարբեր ծրագրերի։