Անդառնալի կորուստ․ զոհվել է ՀՊՏՀ շրջանավարտ Արա Հովհաննիսյանը

13.10.2022
Դիտումների քանակ՝ 2803

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ ս․ թ․ սեպտեմբերի 13-ին Գեղամասարում (Գեղարքունիքի մարզ, Մարտունու տարածաշրջան) թշնամու գնդակից զոհվել է ՀՊՏՀ 2022 թ․ շրջանավարտ Արա Ռուդիկի Հովհաննիսյանը։

Արա Հովհաննիսյանը ծնվել է 1997 թ․ հուլիսի 12-ին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում։ 2004 թ․ ընդունվել և 2015 թ․ ավարտել է Ծովակի միջնակարգ դպրոցը։

2015 թ․ ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ «Շուկայագիտություն (մարքեթինգ) ըստ ոլորտի» մասնագիտությամբ, սովորել է հեռակա ուսուցման համակարգում։ Բուհն ավարտել է 2022 թ․ հունիսի 21-ին։

2016 թ․ հունվարի 10-ին զորակոչվել է բանակ, 2018 թ․ հունվարի 15-ին՝ զորացրվել։ 2019 թվականից շարունակել է ծառայել հայկական զինուժում՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող, եղել է դիրքի ավագ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը, ուսանողությունը ցավակցում են Արայի ընտանիքին և մերձավորներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ։

Հավերժ փառք հայրենիքի համար ընկած մարտիկներին։