Cognaize ֆինթեքը՝ ՀՊՏՀ-ում․ ընկերությունը համալրում է իր թիմը

13.10.2022
Դիտումների քանակ՝ 2112

Cognaize ընկերության ներկայացուցիչներն այսօր ՀՊՏՀ-ում էին՝ բացահայտելու մոտիվացված ուսանողների, որոնք կմիանան ընկերության հայաստանյան թիմին՝ որպես տվյալագետներ ու ֆինանսական վերլուծաբաններ։ Տնտեսագիտական բուհի ուսանողներին նրանք ներկայացրին ընկերությունում աշխատելու հեռանկարներն ու հնարավորությունները։

Cognaize-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, հիմնադրվել է 2018 թվականին: Զբաղվում է ֆինանսական համակարգում տվյալների վերլուծությամբ, բանկերին և ապահովագրական ընկերություններին օգնում մշակելու հիմնական տեղեկատվություն։ Ընկերության հայաստանյան թիմում աշխատակիցների քանակը հատում է 300-ի սահմանը, բայց որակյալ մասնագետների կարիք թիմում միշտ կա։ Էլ որտեղ, եթե ոչ Տնտեսագիտական մայր բուհում կարելի է գտնել ֆինանսներով և տվյալագիտությամբ հետաքրքրված ուսանողների, որոնք պատրաստ են անընդմեջ զարգանալ և ընդլայնել գիտելիքները։

Ֆինանսական տեխնոլոգիաների հետ աշխատող ընկերությունն ուսանողներին առաջարկում է ուսուցում, միջազգային չափանիշներով փորձառության հնարավորություն ու աջակցություն, հետագայում նաև՝ աշխատանքի առաջարկ լավագույններին։ Ընկերության՝ պարբերաբար թարմացվող աշխատատեղերը խելացի և տաղանդավոր երիտասարդների համար են, Cognaize-ում պատրաստ են գրավիչ պայմաններով աշխատանքի վերցնել անգամ փորձառություն չունեցող ուսանողների․ պարտադիր պայմանը կատարելագործվելն ու զարգանալն է։

Ընկերության ներկայացուցիչները պատմեցին Cognaize-ի անցած ճանապարհի, գրանցած հաջողությունների մասին, հիշեցին իրենց առաջին քայլերը ֆինթեք ընկերությունում, փաստեցին՝ հայաստանյան թիմում շատ են Տնտեսագիտական բուհն ավարտածները և հանդիպման մասնակիցներին խորհուրդ տվեցին չհապաղել ու հենց այսօր սկսել գործել։

Շնորհանդեսից հետո ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողների հարցերին, ապա ինտերակտիվ խաղ-մրցույթի միջոցով ստուգեցին և գտան հանդիպման ամենաակտիվ և տեխնոլոգիական գիտելիքներով լավագույնս զինված մասնակիցներին, խրախուսեցին տեխնո-նվերներով։