«Հայբիզնեսբանկը» իր թիմը կհամալրի ՀՊՏՀ նորավարտ սաներով ու ավագ կուրսերի ուսանողներով

Դիտումների քանակ՝ 2006

ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի և «Հայբիզնեսբանկի» համագործակցության արդյունքում այսօր բանկի ներկայացուցիչները՝ փոքր բիզնեսի զարգացման վարչության պետ Աննա Միրզոյանը և բանկային պրոդուկտների վաճառքների խմբի ղեկավար Լիանա Հակոբյանը ֆինանսական ֆակուլտետում էին: Այցի նպատակն էր ֆակուլտետի նորավարտներին և ավագ կուրսերի ուսանողներին ներկայացնել բանկի աշխատանքային առաջարկները:

Աննա Միրզոյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց՝ փոքր բիզնեսի զարգացման վարչությանն անհրաժեշտ են վարկային մասնագետներ, և այս նպատակով բանկը համապատասխան կրթություն ունեցող երիտասարդներին առաջարկում է 3-ամսյա վերապատրաստման վճարվող ծրագիր, որից հետո մասնակիցները հաստիքային աշխատանքի են անցնում մասնաճյուղերում:

Այսօրվա հանդիպմանը ներկայացվեց ծրագրին դիմելու ընթացակարգը, ինչպես նաև

համալսարանականներին տեղեկություն հաղորդվեց ուսանողական հատուկ քարտի մասին, որի լավագույն օգտատերեր հնարավորություն կունենան բանկից ստանալ 1 տարվա ուսման վարձի փոխհատուցում:

«ՀՊՏՀ-ն թողարկում է ամենամրցունակ կադրերը, ուստի մենք մեր թիմը համալրելու համար հենց այստեղից ենք սկսում. ի դեպ, մեր աշխատակիցներից շատերը հենց ՀՊՏՀ շրջանավարտ են: Իսկ թե ինչու ենք նախապատվությունը տալիս նորավարտներին, նշեմ, որ նրանք եռանդուն են, մոտիվացված և մասնագիտական աշխատանքի նկատմամբ հաճախ ցուցաբերում են նորարարական մոտեցումներ»,-մեզ հետ զրույցն ամփոփեց Աննա Միրզոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին