ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Արփինե Մայիլյան
«ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից» շարքում ներկայացնում ենք ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի շրջանավարտ, կարիերայի կենտրոնի աշխատակից Արփինե Մայիլյանին։
–Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։
–Իրականում, շատ եմ կարևորում բարձրագույն կրթությունը և վստահ կարող եմ ասել, որ ՀՊՏՀ-ում ստացած որակյալ կրթության շնորհիվ եմ արձանագրել մասնագիտական հաջողություններս։
–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։
–Մեր բաժնի ամենօրյա աշխատանքով կապ է ստեղծվում ուսանողների, շրջանավարտների և աշխատաշուկայի միջև, կազմակերպվում է ուսանողների փորձառությունը, որի ընթացքում նրանք իրենց ակադեմիական գիտելիքներն ամրապնդում են գործնական հմտություններով ու կարողություններով։
ՀՊՏՀ-ի կարևոր առավելություններից է այն, որ միշտ իր ուսանողի ու շրջանավարտի կողքին է։ Աշխատելով կարիերայի կենտրոնում՝ սկսեցի ավելի լավ հասկանալ բուհի դերակատարությունը ուսանողի ու շրջանավարտի կյանքում։ Այս ամենն ահռելի աշխատանք ու նվիրում է պահանջում, և անչափ ուրախ եմ՝ հարազատ բուհում իմ ներդրումն ունենալու համար։
–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։
–Շատ եմ սիրում ընթերցանություն։ Դասավանդելով քոլեջում, շփվելով ուսանողների հետ՝ վերջերս բացահայտել եմ նոր հետաքրքրություն․ ընտրում ենք որևէ գիրք, մի քանի օրվա ընթացքում ընթերցում ու սկսում քննարկումները։ Հետաքրքիր է լսել տարբեր ու յուրահատուկ կարծիքներ։
–Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։
–Խաղաղությունը․ որ յուրաքանչյուր ընտանիք ապրի բարեկեցիկ կյանքով, բոլոր երեխաները կրթվելու հնարավորություն ունենան։
-Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։
–Ամենակարևոր մոտիվացիան այն է, որ երբեք չեմ վախենում սեփական գաղափարներիս համար քննադատություն լսել, և իմ ցանկացած գաղափար ՀՊՏՀ-ում աջակցություն է ստանում, ինչը կարևորագույն խթան է ինձ համար։ Չափազանց կարևոր է նաև նոր գիտելիքի ձեռքբերումն ու որպես մասնագետ աճելու հնարավորությունը
–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։
–Առաջին կուրսեցիներին խորհուրդ կտամ գիտակցել կյանքի նոր փուլ մտնելու կարևորությունը, ճիշտ ու արդյունավետ կառավարել ժամանակը, նոր ծանոթություններ ու կապեր հաստատել, պարտաճանաչ լինել, քննություններին պատրաստ ներկայանալ, մասնակցել համալսարանական միջոցառումներին։ Եվ ամենակարևորը՝ սովորել հանգստանալ ու վայելել ուսանողական տարիները։