Երկօրյա գիտաժողով և հիշատակի հանդիսություն՝ նվիրված Աշոտ Սալնազարյանին

14.04.2023
Դիտումների քանակ՝ 1245

Երկու օր շարունակ Տնտեսագիտական մայր բուհում հիշում ու վերարժևորում էին համալսարանի երախտավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանին։ Մեծ գիտնականի անվան ուսանողական գիտաժողովը ՀՊՏՀ հյուրընկալ հարկի տակ էր համախմբել պրոֆեսորի գործընկերներին, ուսանողներին ու պարզապես հարազատ մարդկանց։ «ՀՀ կապիտալի շուկայի կայացման ուղիներն ու հեռանկարները» խորագրով գիտաժողովին մեկ տասնյակից ավելի զեկուցում հնչեց, ելույթ ունեցողները Հայաստանի և Արցախի բուհերից էին։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ Աշոտ Սալնազարյանն իր համար ոչ միայն գործընկեր է եղել, այլև ավագ ընկեր, գիտնական-մանկավարժի վառ օրինակ․ «Յուրատեսակ կոլորիտային մարդ էր, մարդ-տոն՝ հումորի անսպառ զգացումով։ Այս հրաշալի նախաձեռնության համար շնորհակալություն եմ հայտնում պարոն Սալնազարյանի զավակներին և հավաստիացնում, որ համալսարանը պատրաստ է հետագայում ևս աջակցել նրա հիշատակը հավերժացնող միջոցառումների կազմակերպմանը»։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանի բնորոշմամբ՝ Աշոտ Սալնազարյանի մասին կարելի է երկար խոսել, քանզի «գործ ունենք ոչ միայն Տնտեսագիտական համալսարանի, այլև ողջ տնտեսագիտական հանրույթի կյանքում մեծ դերակատարում ունեցած մարդու, պրոֆեսորի հետ»։

Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը Աշոտ Սալնազարյան գիտնական-տեսաբանի և գործնական ոլորտի մասնագետի գործունեությունը գնահատեց հատկապես արժեթղթերի շուկայի կայացման ու զարգացման տեսանկյունից։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Արկադի Փինաչյանը նշեց՝ երկար տարիներ Աշոտ Սալնազարյանի հետ աշխատել է ինչպես բուհում, այնպես էլ գործնական ոլորտում․ «Արմսվիսբանկ»-ի խորհրդի անդամ էր, բոլորիս ընկերն էր, խորհրդատուն, նրանից կարելի էր անվերջ սովորել»։

«Էփրիքոթ Կապիտալ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Աշոտ Սալնազարյանի գործի արդյունքը տեսանելի ու շոշափելի է, քանի որ նա մեծ ավանդ է ունեցել տնտեսագիտական կրթության և հատկապես արժեթղթերի շուկայի կայացման ու կադրերի պատրաստման գործում։

Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի (АМX) մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատու Արմինե Թովմասյանը, ողջունելով գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին, ասաց․ «Տնտեսագիտական համալսարանի հետ մեր կապը երկարամյա է, մենք ոչ միայն ունենք աշխատակիցներ, որոնք բուհի շրջանավարտներ են, այլև ինքներս ենք փորձառության հնարավորություն տրամադրում ուսանողներին։ Մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք»։

Գիտաժողովի երկրորդ օրը առավել հանդիսավոր էր․ ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ռեկտոր Դիանա Գալոյանը Աշոտ Սալնազարյանին հետմահու պարգևատրեց ՀՊՏՀ ոսկե մեդալով՝ հանձնելով այն նրա զավակներին՝ Հասմիկ և Գոռ Սալնազարյաններին։ Ցուցադրվեց Աշոտ Սալնազարյանի մասին պատմող «Պարզապես մարդ եմ» ֆիլմը, որը նրան ճանաչողների սրտերում կրկին արթնացրեց սիրելի ընկերոջ և գործընկերոջ մասին վառ ու նվիրական հիշողություններ։

Գիտաժողովին հնչած զեկուցումները, ինչպես հավաստիացրին մրցութային հանձնաժողովի անդամները, արծարծում էին կապիտալի շուկայի արդիական հիմնախնդիրներ, տարաշերտ ուղղություններ, աչքի էին ընկնում գիտական բովանդակությամբ։ Բարձր գնահատելով բոլոր ելույթները՝ հանձնաժողովի անդամները պարգևատրեցին հաղթողներին՝ Անահիտ Իսրայելյան (1-ին տեղ՝ 400,000 ՀՀ դրամ), Գոհար Մխիթարյան (2-րդ տեղ՝ 250,000 ՀՀ դրամ) և Միլենա Գալստյան (3-րդ տեղ՝ 150,000 ՀՀ դրամ)։ Գիտաժողովի բոլոր մասնակիցները հավաստագրեր, նվերներ, ինչպես նաև ոլորտի առաջատար ֆինանսական ընկերություններում փորձառություն անցնելու հնարավորություն ստացան կազմակերպիչներից։ Խրախուսական մրցանակ շնորհվեց նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից։

Նշենք, որ գիտաժողովը կայացավ Հասմիկ և Գոռ Սալնազարյանների նախաձեռնությամբ և ՀՊՏՀ-ի, Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի (АМX), «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի, «Էփրիքոթ կապիտալ» ՓԲԸ-ի և Եվրասիական ֆոնդային բորսաների միության (FEAS) աջակցությամբ։

Լուսանկարային շարքն ամբողջությամբ տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։