Տնտեսագիտականը և Հայաստանի բանկերի միությունը գործընկերներ են․ ստորագրվեց համագործակցության հուշագիր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) այսուհետ կհամագործակցեն հանուն բանկային ոլորտի մասնագետների գիտելիքների և հմտությունների բարելավման։ Այս գաղափարն է կողմերի համագործակցության հիմքում, որն այսօր վավերացվեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի կողմից համագործակցության հուշագրի ստորագրմամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը և ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը։
Ողջունելով հյուրերին և համագործակցության մեկնարկը՝ ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց Տնտեսագիտականի գործընկերային ծրագրերը այլ կազմակերպությունների հետ, որոնց նպատակը ուսանողների հմտությունների բարելավումն է, ապա անդրադառնալով «Բանկային գործունեության կազմակերպում» մասնագիտությանը՝ նշեց, որ ՀՊՏՀ-ն հանրապետությունում սույն կրթական ծրագիրն իրականացնող միակ բուհն է, ներկայացրեց Կենտրոնական բանկի հետ համատեղ ՀՊՏՀ կրթական ծրագրերի բարեփոխման և դասախոսների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը։ Դիանա Գալոյանն ընդգծեց՝ բուհը պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ձևաչափերով, որոնք կարող են օգտակար լինել ուսանողներին։
Ներկայացնելով նոր ձևաչափով համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ընդգծեց բանկային համակարգի համար որակյալ կադրերի պատրաստման գործում առկա և բարելավման անհրաժեշտություն ունեցող հարցերը, որոնց շուրջ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը կողմերի համար կապահովի ցանկալի արդյունք։ ՀԲՄ գործադիր տնօրենի կողմից մասնավորապես կարևորվեց բանկային ոլորտի կադրերի որակավորման բարձրացման խնդիրը, ֆինանսական գրագիտության և ֆինանսաբանկային ոլորտի հիմնահարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը։
Ռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրեց ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի բարձրացրած հարցերի ուղղությամբ Տնտեսագիտականում կատարվող աշխատանքները։ Դրանք վերաբերում էին թե՛ ֆինանսական գրագիտությանը, թե՛ կադրերի որակավորման բարձրացմանը, թե՛ արդիական թեմաների շուրջ փորձագիտական վերլուծությունների կատարմանը։ Ռեկտորը պատրաստակամություն հայտնեց համատեղ աշխատելու երկուստեք կարևորվող հարցերի ուղղությամբ։