Ավարտվեց «ՀՊՏՀ աշնանային ճամբար-2022» ուսուցողական ու գործնական երկօրյա հավաքը
«ՀՊՏՀ աշնանային ճամբար-2022»-ն իրողություն է։ Բազմաթիվ մարզերից ժամանած չորս տասնյակ աշակերտներ հնարավորություն ունեցան երկու օր շարունակ մասը դառնալու Տնտեսագիտական մայր բուհի՝ մասնագիտական թեմաներով դասախոսություններ լսելու, նոր գիտելիք, հմտություն, թիմային աշխատանքի փորձ ձեռք բերելու։
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրվա դասախոսությունները մասնագիտական թեմաներով էին, ուղեկցվեցին աշխույժ հարցուպատասխանով։
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության փորձագետ, ՀՊՏՀ ասպիրանտ Աիդա Միրումյանն ապագա տնտեսագետների հետ խոսեց տնտեսագիտություն ուսումնասիրելու կարևորության մասին, ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի աշխատակից Լուսինե Խուրշուդյանը բացահայտեց, թե որն է յուրաքանչյուրիս հնարավորությունների չափաբաժինը, իսկ ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Եվգենյա Բազինյանն անդրադարձավ STEM կրթության կարևորությանն ու հեռանկարներին։
Ճամբարի գործնական բաղադրիչը՝ բիզնես ծրագրերի ներկայացումը, ամենասպասվածն էր։ Ռազմարդյունաբերություն, զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես, ֆինանսաբանկային ոլորտ, հեռահաղորդակցություն և կրթություն․ այս ուղղություններով աշակերտներին տրված էր առաջադրանք՝ կազմել և ներկայացնել բիզնես ծրագրեր։ Թիմերը պետք է որոշեին կազմակերպության անուն, տարբերանշան (լոգո), կարգախոս, ընտրեին թիրախային լսարան, մշակեին բիզնեսի զարգացման ռազմավարություն, հասկանային՝ ովքեր են իրենց մրցակիցները։ Ինտերակտիվ խաղն ընթացավ աշխույժ մթնոլորտում, լավագույն բիզնես գաղափարների հեղինակներն արժանացան մրցանակների։
ՀՊՏՀ բրենդային հուշանվերների և հավաստագրերի արժանացան ճամբարի բոլոր մասնակիցները։
Ապագա դիմորդների հետ համալսարանի ակտիվ համագործակցության հաջորդ հանգրվանը նոյեմբերի 14-ին է։ Ավանդական դարձած «Բաց դռներ» միջոցառմանը ավագ դպրոցների և քոլեջների սովորողները կրկին մեր հյուրերը կլինեն։
Հ․Գ․ Լուսանկարային շարքն ամբողջությամբ կարող եք տեսնել ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։