ՀՊՏՀ-ն անդամակցեց ԱՊՀ Ցանցային համալսարանական կոնսորցիումին

18.02.2022
Դիտումների քանակ՝ 2024

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն անդամակցեց հեղինակավոր ԱՊՀ Ցանցային համալսարանական կոնսորցիումին։ Այս կարևոր իրադարձությանը նախորդել է Տնտեսագիտական համալսարանի կողմից հետևողական ու նպատակասլաց աշխատանք. մեր բուհն ապահովել է համապատասխանությունը առաջադրված բոլոր չափանիշներին:

Դեռևս 2021 թ. սեպտեմբերին ՀՊՏՀ-ն անդամակցության հայտ էր ներկայացրել ԱՊՀ ՑՀ-ին։ Նույն թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել թեկնածու բուհերի անդամակցության հարցով քվեարկություն, որի արդյունքում, ստանալով անդամ-բուհերի ձայների մեծամասնությունը, ՀՊՏՀ-ն դարձավ ԱՊՀ Ցանցային համալսարանի անդամ։

«ԱՊՀ Ցանցային համալսարանի ստեղծման» նախագծի հիմքը դրվել է 2008 թ.՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ և ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

2009 թ. հունիսի 11-ին Մոսկվայում ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության ԱՊՀ Ցանցային համալսարանի ստեղծման հարցով կոնսորցիումի մասնակիցների համաձայնագիրը:

Ցանցային համալսարանի հիմնական խնդիրը միասնական (ընդհանուր) կրթական տարածքի զարգացումն է՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման, միջբուհական համագործակցության նոր ձևաչափերի ստեղծման, միջմշակութային երկխոսության խթանման, ինչպես նաև ուսանողների և դասախոսների շարժունության և թեկնածուական ատենախոսությունների պատրաստման նպատակով համատեղ գիտական հետազոտությունների իրականացման միջոցով։

ԱՊՀ Ցանցային համալսարանը մի շարք համալսարանների միջև իրականացվող կրթական ծրագիր է, որն ուսանողներին հնարավորություն է ընձեռում սովորելու երկու գործընկեր համալսարաններում (մեկ տարի սեփական բուհում, մեկ տարի համագործակցող բուհում), որի արդյունքում ուսանողները կարող են ստանալ երկու համալսարանների ավարտական փաստաթղթեր:

ԱՊՀ ցանցային համալսարանին անդամակցում է ԱՊՀ անդամ-պետությունների առաջատար 44 համալսարան 9 երկրից։

Ցանցային համագործակցության շրջանակում Հայաստանից ներառված են նաև ԵՊՀ-ն, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: