ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողներին այցելեց ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը

11.05.2021
Դիտումների քանակ՝ 997

Մեր համալսարանում ամփոփիչ ատեստավորման գործընթացը եռուն փուլում է։ Ուսումն ավարտում և նոր շրջափուլ են սկսում մեր բուհի հարյուրավոր շրջանավարտներ՝ հանձնաժողովների առջև ներկայացնելով իրենց ավարտական աշխատանքները։

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը և ռեկտոր Դիանա Գալոյանը այսօր ներկա գտնվեցին ֆինանսներ մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ավարտական աշխատանքներից երկուսի պաշտպանությանը։

Առաջավոր ուսանողներ Սյուզաննա Սանամյանի և Էմմա Ավետիսյանի ելույթներն ունկնդրելով՝ խորհրդի նախագահը դրական կարծիք հայտնեց և արժևորեց հեղինակների տնտեսագիտական մտածելակերպն ու համարժեք եզրույթներով հագեցած, գրագետ բանավոր խոսքը: Նա կանգ առավ նաև ուսանողների հնչեցրած առաջարկությունների վրա՝ նշելով, որ դրանք կիրառական են և կարող են նպաստել աշխատանքներում դիտարկված կազմակերպությունների զարգացմանը։

Նշենք, որ ամփոփիչ ատեստավորման գործընթացը բուհի ղեկավարության տեսադաշտում է։ Այս օրերին ռեկտոր Դիանա Գալոյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը այցելում են տարբեր ֆակուլտետների քննասենյակներ, հետևում գործընթացին, խորհուրդներ հղում և քաջալերում դեպի մեծ կյանք ոտք դնող ուսանողներին։ Այս մասին հրապարակմամբ հանդես կգանք առաջիկայում։

Ավարտական կուրսերի մեր ուսանողներին մաղթում ենք հաջողություն։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին