ՀՊՏՀ-ականների դիլիջանյան ամառն ավարտվեց (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1677

ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը համալսարանականներին (ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ) ու նրանց ընտանիքներին նվիրեց ևս մեկ զովաշունչ ու անմոռանալի ամառ՝ իր դռները բացելով հուլիսի 5-ին և վերջին հանգստացողներին ճանապարհելով օգոստոսի 25-ին: Մարզաառողջարանի գործունեությունը ղեկավարում և համակարգում էր ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը, նրա աջակցում էր նույն ամբիոնի դասախոս և ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը (3-4-րդ հերթափոխերին): Հանգստացողների «տրամադրության տակ էին» փարթամ անտառն ու աղմկոտ Բլդան գետը, մարզադաշտերը, սեղանի թենիսի սրահը, «Դիլիջան» ազգային պարկի երթուղիները դեպի պատմամշակութային վայրեր, իսկ բացօթյա ճաշարանում կերակրատեսակները մշտապես թարմ էին, ախորժալի ու բազմազան:
4 հերթափոխով, յուրաքանչյուրը 13 օր, մարզաառողջարանում իր արձակուրդն անցկացրեց 453 հանգստացող, որից 79 հոգի 13 օրով, մյուսները՝ 2-10 օրով: Հանգստացողների մի մասը Դիլիջան էր ուղևորվել ՀՊՏՀ ղեկավարության տրամադրած անվճար ուղեգրերով:
Այսօր մեզ հետ զրույցում մարզաառողջարանի պետ Հակոբ Կյոկչյանը, ամփոփելով մարզաառողջարանի գործունեությունը, նշեց, որ համալսարանի ղեկավարությունը արդեն քանի տարի, մեր համալսարանի ուսանողներին, դասախոսներին, աշխատակիցներին ցուցաբերած հոգածության կողքին չի անտեսում նաև Արցախի պետական համալսարանի ուսանողներին:
«Արցախցի ուսանողների հետ միասին հյուրընկալեցինք ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանին: Նրանք գոհ էին ու երախտագիտություն էին հայտնում իրենց ընձեռված հիանալի հնարավորության համար: Թերևս, մարզաառողջարանի համար ամենահագեցածն ու աշխույժը 4-րդ հերթափոխն էր, որն էլ իր հերթին 2 փուլով ընդունեց ուսանողներին: Նրանք, ինչպես միշտ, ստեղծագործական եռանդով անցկացրին իրենց առօրյան, հյուրընկալեցին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին և պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին, և, բացի մարզական, մշակութային, ուրախ ժամանցի միջոցառումներից, հրավիրեցին մասնագետների, ունկնդրեցին դասախոսություններ»,-ասաց Հակոբ Կյոկչյանը:
Նա հույս հայտնեց, որ այս ամառ, ինչպես և նախորդ տարիներին, հանգստացողները վառ հիշողություններ են կուտակել ու հաճելի ծանոթություններ են հաստատել, կազդուրվել են ու լիցքաթափվել, քանի որ արձագանքները հիմնականում դրական ու ոգևորիչ են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին