ՀՊՏՀ աշխատակիցները դասախոսեցին ԼՂՀ քաղծառայողների հերթական վերապատրաստման դասընթացների շրջանակում
Սույն թվականի հուլիսի 11-15-ը ընկած ժամանակահատվածում ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը և նույն կենտրոնի հետազոտող Համազասպ Գալստյանը Արցախի պետական համալսարանի կողմից հրավեր էին ստացել դասախոսելու ԼՂՀ քաղծառայողների հերթական վերապատրաստման դասընթացների շրջանակում:
Թաթուլ Մկրտչյանի դասախոսություններն առնչվում էին Արցախի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրությանը, տնտեսական քաղաքականության ուղղություններին և մրցակցության պաշպանության քաղաքականությանը: Դավիթ Հախվերդյանի դասախոսությունները նվիրված էին Արցախի Հանրապետության տնտեսության ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին, երկրի մրցունակության բարձրացման հիմնական ուղղություններին, ինովացիոն գործունեության միջազգային փորձին և Արցախում ինովացիոն գործունեության պետական աջակցության ձևերին: Համազասպ Գալստյանի դասախոսության թեմաները վերաբերում էին Արցախի Հանրապետության հարկային դաշտին և հարկային վարչարարությանը, ինչպես նաև Արցախում մասնավորեցված կազմակերպությունների հետ պետական կառավարման մարմինների աշխատանքի կազմակերպման մեխանիզմներին ու դրանց մոնիթորինգին առնչվող խնդիրներին: