ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ Հայաստանի առաջնության մասնակից

30.04.2021
Դիտումների քանակ՝ 970

ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը՝ «ՀՊՏՀ Երևան»-ը, տարիներ շարունակ փայլուն մասնակցություն է ունենում հանրապետական և միջազգային խաղերին և ամրապնդում իր բարձր վարկանիշը: Այս օրերին ընթանում է Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունը, որին մեր տղաները կրկին հանդես են բերում մարզական բարձր վարպետություն:

Այսօր ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, ՀՊՏՀ ֆուտզալի թիմի գլխավոր մարզիչ Հովհաննես Գաբրիելյանը asue.am-ի հետ զրույցում ներկայացրեց թիմի ընթացիկ հաջողություններն ու առաջիկա խաղերի ժամանակագրությունը՝ ասելով. «Հայաստանի առաջնության խմբային փուլը հաջողությամբ հաղթահարելուց հետո մեր հավաքականն անցել է play off փուլ՝ ¼ եզրափակչում 2 խաղերի արդյունքով (10:0 և 9:1) խոշոր հաշվով առավելության հասնելով «Լոգիկոն» թիմի նկատմամբ:

Մայիսի 1-ին և 3-ին կիսաեզրափակչում, եզրափակիչ անցնելու համար, մեր տղաներն ուժերն են չափելու Հայաստանի քառակի չեմպիոն «Լեո» թիմի հետ»:

ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի երկրպագուներին և բոլոր մարզասերներին տեղեկացնում ենք, որ խաղերը տեղի կունենան ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում ՝ մայիսի 1-ին, ժամը 14.00-ին և մայիսի 3-ին, ժամը 19.30-ին:

ՀՊՏՀ ֆուտզալիստներին մաղթում ենք գեղեցիկ ու գոլաշատ խաղ և ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին