ՀՊՏՀ-ում էր Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը

29.04.2021
Դիտումների քանակ՝ 1221

Տնտեսագիտական մայր բուհում ապրիլի 28-ին միջազգային ձևաչափի միջոցառում էր. հյուր էր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, ով դասախոսեց «Հայ-նիդերլանդական տնտեսական հարաբերությունները և զարգացման հնարավորությունները» թեմայով։ Դեսպանի հետ հանդիպումն ուշագրավ էր, իրադարձային, մասնագիտական տեսանկյունից բովանդակալից։ Մասնակցում էին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցներ։

Նիկո Սխերմերսին ընդունեց և ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ նշելով, որ նա Նիդերլանդների Թագավորության առաջին ներկայացուցիչն է, ով գտնվում է ՀՊՏՀ-ում։ Ռեկտորը դեսպանին հակիրճ ներկայացրեց ՀՊՏՀ միջազգայնացման ռազմավարությունն ու ձեռքբերումները՝ մասնավորապես անդրադառնալով միջազգային գիտակրթական ծրագրերին և համաշխարհային վարկանշավորման ցուցակներում որպես կրթական ու գիտահետազոտական կենտրոն բուհի զբաղեցրած դիրքին։

Դեսպանի ողջույնի խոսքը հայերեն էր, ինչը հաճելիորեն զարմացրեց ու ժպիտ պարգևեց ներկաներին։

«Ողջույն, ես ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն եմ»,- բացման խոսքին հաջորդեց ոչ պակաս ուշագրավ հայերեն միտքը. «Արդեն մի քանի ամիս է՝ ապրում եմ Հայաստանում և սովորում եմ հայերեն, բայց ձեր թույլտվությամբ այժմ կխոսեմ անգլերեն»։

Նա համառոտ պատմական ակնարկ կատարեց Նիդերլանդների Թագավորությանը՝ որպես Արևմտյան Եվրոպայի երկրի, ապա ներկայացրեց երկրի տնտեսական իրավիճակն ու տնտեսական արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Հայ-նիդերլանդական հարաբերությունների տնտեսական կողմը քննարկելիս դեսպանն անդրադարձավ տնտեսության տարբեր հատվածների հետ համագործակցությանն ու ներդրումներին։ Այս համատեքստում, խոսվեց ֆինանսական ինստիտուտների, գյուղատնտեսության, էներգետիկայի, մասնավոր կապիտալի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասին։ Նիկո Սխերմերսը նշեց, որ 2021-ին Նիդերլանդները Հայաստանի հետ տնտեսական գործակցության վեկտորն ուղղել է դեպի գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներ։

Երկու երկրների տնտեսական հարաբերությունների հեռանկարի մասին խոսելով՝ նա նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և որպես ներդրումային միջավայր հետաքրքրում է իրենց։

Դասախոսության ընթացքում դեսպանը հայտարարեց «Հայ-նիդերլանդական գործարար հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները» թեմայով էսսեների մրցույթի մասին, որին կարող են մասնակցել ուսանողները և առաջադրել իրենց բիզնես-գաղափարները։ Այս մասին առաջիկայում լրացուցիչ կհայտարարենք ՀՊՏՀ կայքում։

Դասախոսությունն ամփոփվեց հարցուպատասխանով։

Հանդիպման ավարտին ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակից Սոնա Աղաբաբյանը ներկայացրեց բուհի միջազգային փոխանակային ծրագրերը, իսկ միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության մագիստրանտ Էդիտա Գինոսյանը դեսպանին պատմեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների լայն շրջանակը՝ դիտարկելով Հայաստանը որպես փոքր, բայց մեծ ներուժ ու հեռանկար ունեցող երկիր։

Ռեկտոր Դիանա Գալոյանը հույս հայտնեց, որ սա առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն է դեսպանի հետ, ինչպես նաև սկիզբը շարունակական համագործակցության։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին