Մեկնարկել է «ՀՊՏՀ խաղեր» փառատոնը. համալսարանում մարզական տրամադրություն է

Դիտումների քանակ՝ 1362

ՀՊՏՀ-ում այս շաբաթ մեկնարկել է ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «ՀՊՏՀ խաղեր» ամենամյա մարզամշակութային փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է ՈւԽ 25-ամյա հոբելյանին։ Մարզական առաջնություններին ու մշակութային մրցույթներին ամեն տարվա պես ներգրավված են համալսարանի բոլոր ֆակուլտետները։

Այսօր աղջիկների վոլեյբոլի առաջնությանը հետևում և իրենց ներկայությամբ մարզիկներին ոգևորում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, կառավարման ֆակուլտետի փոխդեկան Վարդան Վլասյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ներկայացուցիչները, ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը։ Նշենք, որ մարզական առաջնությունները վարում են նշված ամբիոնի դասախոսները:

ՈՒԽ նախագահի խոսքով՝ փառատոնի մեկնարկը կազդարարվի հանդիսավորությամբ. առաջիկայում բացման միջոցառումն է՝ պատվավոր հյուրերի մասնակցությամբ:

Գոռ Մելիք-Սահակյանի փոխանցմամբ՝ ՈւԽ 25-ամյակի կապակցությամբ այս տարի խաղերի շրջանակում առաջին անգամ կանցկացվեն առաջնություններ մի շարք սպորտաձևերից:

Փառատոնը կամփոփվի դեկտեմբերին: Առաջիկա երկու ամիսների ընթացքում փառատոնը կլինի մեր տեսադաշտում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին