Լոգիստիկ հիմնախնդիրների շուրջ դասախոսություն ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1779

«Արտաքին տնտեսական գործունեության տրանսպորտային ապահովում» առարկայի դասախոս, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Գրիգոր Նազարյանը տնտեսագիտություն մանագիտության 4-րդ կուրսում «Ավտոմոբիլային միջազգային փոխադրումներ» թեմայով բանախոսելու էր հրավիրել ««Սաթի» միջազգային բեռնափոխադրումներ և տուրիզմի գործակալություն» ՓԲԸ տնօրեն Մակար Առաքելյանին: Բաց դասին ներկա էին ամբիոնի դասախոսներ:

«Լոգիստիկան ցանկացած երկրի տնտեսության առաջընթաց ապահովող գործոններից է»,-լսարանի ուշադրությունը հրավիրելով քննարկվող թեմայի վրա՝ Մակար Առաքելյանը սկսեց դասախոսությունն ու համաշխարհային տնտեսության համապատկերում դիտարկեց լոգիստիկայի դերն ու նշանակությունը: Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանի՝ որպես ծովային ելք չունեցող երկրի առջև ծառացած լոգիստիկ հիմնախնդիրներին, ոլորտի իրավական կարգավորումներին, հարևան պետությունների հետ հարաբերություններին և դրանց հեռանկարներին:

Գրիգոր Նազարյանի փոխանցմամբ՝ գործնական դաշտից փորձառու մասնագետներին դասախոսության հրավիրելը նպատակ ունի հարստացնելու ուսանողի գիտելիքներն ու ձևավորելու ուսումնական թեմայի վերաբերյալ համակողմանի պատկերացում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին