ՀՊՏՀ շրջանավարտ Ահարոն Արսենյանը իր մայր հողի հերոսն է

04.02.2021
Դիտումների քանակ՝ 1895

Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության (ֆինանսական ֆակուլտետ) 2018 թ. շրջանավարտ Ահարոն Արսենյանը Արցախա-ադրբեջանական պատերազմի անվախ կամավորներից էր, որ հստակ համոզմունքով գնացել էլ մայր հողը պաշտպանելու…. Այն հողը, որից ծնունդ էր առել և որին երեխայի պես սիրում-փայփայում էր նաև խաղաղ պայմաններում: Ջերմուկցի Ահարոնը ոչ միայն ՀՊՏՀ առաջավոր սաներից էր, այլև ակտիվ բնապահպան, բարձր քաղաքացիական դիրքորոշմամբ աչքի ընկնող երիտասարդ:

2012թ. ընդունվել է ՀՊՏՀ, 2013-2015 թթ. ծառայել է բանակում, վերադարձել ու շարունակել է ուսումը: 2018թ. Ահարոնը գերազանցության (Կարմիր) դիպլոմով ավարտել է համալսարանը:

asue.am-ի հետ զրույցում ՈւԽ նախագահի օգնական Ժորա Ստեփանյանը նշեց, որ Ահարոնը ֆինանսական ֆակուլտետի պայծառ ուսանողներից էր, որին դասախոսները առանձնահատուկ էին սիրում՝ որպես ուսումնատենչ, բացառիկ խելացի և օրինակելի ուսանողի:

«Հազվադեպ է լինում, երբ զորացրվելուց հետո տղաները մեծ եռանդով են շարունակում ուսումը: Ահարոնն այն եզակի տղաներից էր, ով փայլուն սովորեց նաև բանակից հետո, մասնագիտացավ ու ծառայեց իր երկրին»,-ասաց ֆինանսական ֆակուլտետի ուսանող Ժորան:

Պատերազմի ավարտից հետո ավելի քան 3 ամիս Ահարոնից լուր չկար...մի քանի օր առաջ գտնվել է հայրենիքի քաջ մարտիկի աճյունը, երեկ կայացել է հոգեհանգիստը:

Սգում ենք: Անմար փառք, հերո´ս....

Հ.Գ. Երկրորդ լուսանկարում՝ Ահարոնը՝ ձախից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին