Բեմում ՀՊՏՀ ուրախներն ու հնարամիտներն էին

Դիտումների քանակ՝ 1695

«ՀՊՏՀ խաղեր-2018» մարզամշակութային միջոցառումը, որն իրականացվում է ՀՊՏՀ ՈՒԽ նախաձեռնությամբ, մոտենում է եզրագծին. փառատոնի շրջանակում այսօր մեկնարկեցին ՈւՀԱ մրցելույթները, որոնք ամենասիրվածն են ուսանող-հանդիսատեսի համար: Ներկա էին կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, փոխդեկան Վարդան Վլասյանը:
Ելույթ ունեցան ֆինանսական, ՏԿ և ՄՏՀ, կառավարման ֆակուլտետները: Դիտարժան ու ստեղծագործական մոտեցումներով աչքի ընկնող էին բոլոր ելույթները. ֆակուլտետները ներկայացնող թիմերը ջանք ու եռանդ չէին խնայել բեմի վրա փայլելու, հանդիսականին լիաթոք ծիծաղ պարգևելու համար: Ուրախներն ու հնարամիտները, հանդես գալով հումորային մի շարք ժանրերում, մարմնավորեցին տարբեր կերպարներ, ցուցադրեցին նոր բեմադրություններ: Անաչառ հանդիսատեսն էլ անթաքույց հիացմունքով ողջունեց լավագույն համարները:
Նշենք, որ վաղը ժամը 14.00-ին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում կշարունակվեն ելույթները. հանդես կգան ՀՊՏՀ մյուս երեք՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի, ինֆորմատիկայի և վիճակագրության, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետները ներկայացնող ՈւՀԱ թիմերը: Իսկ հաղթողների անունները կհնչեն փառատոնի եզրափակիչ գալահամերգի ընթացքում: Եկեք միասին հետևենք ելույթներին ու քաջալերենք տաղանդաշատ հումորիստներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին