Կարագի շուկայի ուսումնասիրություն. ներկայացնում է ՀՊՏՀ «Սոցիալական հետազոտություններ» լաբորատորիան

Դիտումների քանակ՝ 2051

ՀՊՏՀ «Սոցիալական հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիան (ԳՈՒԼ) «Գնաճի սոցիալական ազդեցության գնահատում» հետազոտական նախագծի շրջանակներում իրականացրել է վերջին ամիսների ընթացքում հասարակության կողմից լայն արձագանք ստացած և բազմազան բանավեճերի տեղիք տված պարենային ապրանքի՝ կարագի շուկայի ուսումնասիրություն: Զեկույցը նվիրված է, մասնավորապես, կարագի միջազգային և տեղական շուկաների, Հայաստանում արտադրության և ներմուծման ծավալների, բնակչության կողմից կարագի սպառման վարքագծի ուսումնասիրությանը:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանը, կարագի դերը մեր հասարակության սննդակարգում բազմակի է, ուստի վերջինիս թե՛ որա­կա­կան հատկանիշները և թե՛ մատչելիությունը խիստ կարևորվում է: «Հայտնի է, որ շատերն այսօր, ստիպված լինելով մի կողմ թողնել որակը, առաջնայնությունը տալիս են մատ­չե­լիու­թյա­նը՝ բարձրորակ կարագը հաճախ փոխարինելով տարբեր կենդանական յուղերով կամ բուսասերուցքային սփրեդով:
Կարագի հայաս­տան­­յան շուկայում 2017թ. արձանագրված երկնիշ գնաճը սկիզբ էր առել 2016թ. օգոստոսին: 18 ամիս անընդմեջ գնաճի արդյունքում կարագի մանրածախ գինը թանկացավ 50 տոկոսով, իսկ արդեն 2018թ. հունիսին Հայաստանում գրանցվեց կարագի մանրածախ գնի պատմականորեն առավելագույն ցուցանիշը»,- մանրամասնեց ԳՈՒԼ ղեկավարը:
«Ինքնին պարզ է, որ կարագի տեղական շուկան մեծապես կախված է արտա­քին շուկաների զարգացումներից: Այնու­­հան­դերձ, փոր­ձենք պարզել` արդյո՞ք գնա­յին նման զարգացումները պայ­մա­նա­վոր­ված են միայն միջազ­­գային շուկա­նե­րում գնա­յին զար­գացում­նե­րով, թե՞ պատ­­­­ճառ­ներն ամեն դեպ­քում այլ են, և ինչպիսի՞ն է գնային նման տատանումների սոցիալական ազդեցությունը, արդյո՞ք դրանք ազդել են հասարակության սպառողական վարքագծի և սպառման կառուցվածքի վրա»,- հարցադրում են անում ՀՊՏՀ հետազոտող-գիտնականները:
Զեկույցն ամբողջությամբ հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտություն» խորագրի «Գիտաուսումնական լաբորատորիաներ» էջի սույն լաբորատորիայի «Հետազոտություններ» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին