ՀՊՏՀ դասախոս Էդգար Ղազարյանը պարգևատրվել է «Ժեշուվի համալսարանի մեդալ»-ով

25.10.2021
Դիտումների քանակ՝ 983

2021 թվականի հոկտեմբերի 21-ին, «Կովկաս–Ժեշով-2021» միջազգային գիտաժողովի շրջանակում, Ժեշուվի համալսարանում (Լեհաստան) տեղի ունեցել «Ժեշուվի համալսարանի մեդալ»-ով պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են հիշյալ համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Պավել Գրատան, «Կովկաս․ անցյալ, ներկա, ապագա» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր և գիտաժողովի կազմակերպիչ Դարիուշ Պոպեկը, Լեհաստանի տարբեր քաղաքների (Ժեշուվ, Պոզնան, Կրակով, Վարշավա և այլն), ինչպես նաև այլ երկրների համալսարանների և գիտական հաստատությունների գիտնականներ, Լեհաստանում հավատարմագրված երկրների դեսպանությունների աշխատակիցներ, Ժեշուվի համալսարանի ուսանողներ և այլն։

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դասախոս, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, տ.գ.թ., դոցենտ Էդգար Ղազարյանին «Ժեշովի համալսարանի մեդալ»-ը հանձնել է հիշյալ համալսարանի պրոռեկտոր Պավել Գրատան։ Էդգար Ղազարյանը հանդես է եկել ելույթով (լեհերեն), որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ժեշուվի համալսարանի ռեկտորատին՝ իրեն այդ բարձր պատվին արժանացնելու համար։ Էդգար Ղազարյանը նշել է, որ Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իր առաքելության ընթացքում իրականացված համեստ աշխատանքի բարձր գնահատականն է այդ պարգևը, ապա հիշատակել է, որ 2017 թվականին նույն սրահում, նույն գիտաժողովի շրջանակում իր ներկայությամբ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ժեշուվի և Երևանի պետական համալսարանների միջև։ Էդգար Ղազարյանը խոսել է նաև մի ուշագրավ փաստի մասին՝ նշելով, որ այդ մեդալի դիմերեսին պատկերված է Լեհաստանի թագավոր Կաժիմիժ Մեծը, այն նույն թագավորը, որն ավելի քան 650 տարի առաջ հատուկ արտոնություններ է շնորհել Լեհաստանում ապրող հայերին։ Նա խորհրդանշական է համարել, որ ինքը, իբրև հայ ժողովրդի ներկայացուցիչ, ավելի քան վեց հարյուրամյակ անց Լեհաստանում մեդալ է ստանում այդ լեհ թագավորի դիմապատկերով: Էդգար Ղազարյանն այդ մեդալը համարել է ոչ միայն գնահատական իր կատարած աշխատանքի և ծառայությունների, այլև լրացուցիչ խթան՝ հետագայում նոր ոգևորությամբ աշխատելու՝ ի շահ հայ-լեհական բարեկամության և համագործակցության զարգացման։

«Կովկաս–Ժեշով-2021» միջազգային գիտաժողովի «Կովկաս․ պատմություն, քաղաքականություն, աշխարհաքաղաքականություն» խորագրով նստաշրջանի ընթացքում Էդգար Ղազարյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղ․ ի՞նչ է սպասվում ապագայում․ պատերազմն ավարտվել է, սակայն հակամարտությունը շարունակվում է» թեմայով զեկուցմամբ։