«Էրազմուս+»-ի շրջանակում ՀՊՏՀ դասախոսն այցելել է Դեմոկրիտի համալսարան

02.06.2022
Դիտումների քանակ՝ 1373

Մայիսի 23-27-ը ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս Հերմինե Պողոսյանը «Էրազմուս+»-ի դասավանդող անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում այցելել է Դեմոկրիտի համալսարան (Հունաստան/ Թրակիա):

Այցելության ընթացքում ՀՊՏՀ դասախոսն ունեցել է մի շարք հանդիպումներ և  ձեռք բերել ծանոթություններ, մասնավորապես՝ Դեմոկրիտի համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի տնօրեն Էլենի Մավրիդուի և բաժնի անձնակազմի, տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային կապերի բաժնի համակարգող Աննա Ագրապետիդուի (որն ազգությամբ հայ է (Հայրապետյան) և վերջերս էր այցելել ՀՊՏՀ), նույն ֆակուլտետի պրոֆեսոր Թեոֆիլոս Պապադիմիտրուի (մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար), պրոֆեսոր Պերիկլիս Գոգասի և պրոֆեսորադասախսական անձնակազմի այլ անդամների հետ: Տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ՝ ուղղված հետագա համագործակցությանը:

Այցելության ընթացքում Հերմինե Պողոսյանը տնտեսագիտության ֆակուլտետում պրոֆեսոր Չարիս Վլադոսի «Բիզնես ռազմավարություններ և մոդելներ» առարկայի շրջանակում դասախոսել է «Մարքեթինգային ռազմավարություններ» թեմայով:

Մինչ դասախոսությունն սկսելը՝ տեսահոլովակի միջոցով  ՀՊՏՀ դասախոսը ցուցադրել է Հայաստանը, ներկայացրել ՀՊՏՀ-ն:

Այցի ընթացքում Հերմինե Պողոսյանը ներկա է գտնվել նաև մագիստրոսների ավարտական միջոցառմանը և դիպլոմների հանձնման արարողությանը:

Նշենք նաև, որ առաջիկայում ՀՊՏՀ կայցելեն վերոնշյալ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի  պրոֆեսորներ Թ․ Պապադիմիտրուն և Պ․ Գոգասը: