ՀՊՏՀ դասախոսներն ու աշխատակիցները մասնակցում են անգլերենի վերապատրաստման դասընթացի

07.06.2021
Դիտումների քանակ՝ 1267

ՀՊՏՀ աշխատակիցների մասնագիտական անգլերենի իմացությունը բարելավելու նպատակով ՀՊՏՀ ղեկավարությունը նախաձեռնել է անգլերենի վերապատրաստման 3-ամսյա դասընթաց, որը մեկնարկել է մարտի 24-ին։ Դասընթացին 6 տարբեր խմբերով մասնակցում է 80 դասախոս և վարչական աշխատակից, դասավանդում են ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անուշ Խաչատրյանը, դասախոս Ռուզաննա Բաղրամյանը և հրավիրյալ դասախոս Ռուզաննա Գաբրիելյանը։

Դասընթացը կազմակերպել և համակարգում է ՀՊՏՀ շարունակական կրթության բաժինը։ Ինչպես аsue.am-ի հետ զրույցում նշեց բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, վերապատրաստումների վերաբերյալ աշխատակազմի կարիքների վերհանման նպատակով համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի շրջանում անցկացվել էր հարցում և ըստ այդմ՝ կազմակերպվել է դասընթացը՝ նախօրոք արված թեստավորման հիման վրա ձևավորելով խմբեր։

«Հարցման արդյունքների համաձայն, թե՛ դասախոսների, թե՛ կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների շրջանում շատ մեծ էր հետաքրքրությունն անգլերենի վերապատրաստման դասընթացների նկատմամբ։ Դրանք խիստ արդիական են համալսարանի միջազգայնացման, օտարերկրյա ուսանողների ներգրավման, պրոֆեսորադասախոսական կազմի գիտահետազոտական գործունեության կատարելագործման, անգլալեզու աղբյուրներում գիտական հրապարակումների խրախուսման առումներով»,-ասաց Աղավնի Հակոբյանը։

Նշենք, որ վերապատրաստումը կշարունակվի մինչև հուլիս, ավարտին մասնակիցները կհանձնեն քննություններ և կստանան վկայականներ։

Հ.Գ. Լուսանկարներ՝ բոլոր խմբերի դասերից։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին