ՀՊՏՀ-ն ներկայացվել է «Կարիերայի և մասնագիտությունների օր» միջոցառմանը

04.06.2021
Դիտումների քանակ՝ 1091

Այսօր Սևան քաղաքում կայացած «Կարիերայի և մասնագիտությունների օր» միջոցառմանը մասնակցել և բուհը ներկայացրել են ՀՊՏՀ-ականներ Լուսինե Խուրշուդյանը, Քնարիկ Գրիգորյանը, Նինա Հովհաննիսյանն ու Գրիգ Կարոյանը։

ՀՊՏՀ ղեկավարության և ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով Տնտեսագիտական մայր բուհը միջոցառմանը ներկայացել է պատշաճ։ Շուրջ 4 ժամ տևած միջոցառումը հագեցած է եղել և ներառել է ներկայացումներ, դասընթացներ, քննարկումներ, զրույցներ տաղավարի շուրջ, տարբեր մասնագիտությունների մասին ֆիլմի դիտումներ։ Մասնակցել են Սևանի հիմնական և ավագ դպրոցների աշակերտներն ու Բազմագործառութային պետական քոլեջի սաները։ Այսպիսով, հայաստանյան տարբեր բուհերի և քոլեջների ներկայացուցիչները նրանց տեղեկություններ են տրամադրել միջին մասնագիտական և բուհական կրթության առանձնահատկությունների, մասնագիտությունների ու որակավորումների, աշխատանքային հեռանկարների վերաբերյալ։ Կազմակերպիչը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է։

Մեզ հետ զրույցում ուսանողուհի Նինա Հովհաննիսյանն ասաց, որ ՀՊՏՀ տաղավարում ներկայացրել են բուհի ֆակուլտետներն ու մասնագիտությունները, ինտերակտիվ խաղի միջոցով ծանոթացել են ապագա դիմորդների հետ ու նրանց ՀՊՏՀ տարբերանշանով նվերներ հանձնել։ Դպրոցականներն ու քոլեջականները հետաքրքրություն են ցուցաբերել Տնտեսագիտական մայր բուհի նկատմամբ, և հուսով ենք՝ նրանցից շատերն առաջիկա տարիներին կհամալրեն մեր ուսանողների շարքերը։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին