ՀՊՏՀ-ականներն առցանց դասընթացներին մասնակցում են, բայց կարոտում են համալսարանը. ճեպազրույց դասախոսների և ուսանողների հետ

Դիտումների քանակ՝ 2239

Առցանց դասերին հետևողականորեն մասնակցում ենք, ունկնդրում, սովորում ու քննարկում ենք, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ անմիջական շփումն ու լսարանային ուսուցումն անփոխարինելի են. այսպիսի կարծիք են հայտնում ուսանողները, որոնց հետ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց առցանց ուսուցման առանձնահատկությունների շուրջ:

Առցանց ուսուցումը մեզանում համեմատաբար նոր երևույթ է, և տարբեր են կրթության շահառուների կարծիքներն ու մոտեցումները: Մեր խնդրանքով, առցանց դասեր կազմակերպող ու վարող դասախոսները թեմայի շուրջ ներկայացրին իրենց կարծիքը: Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լուսինե Կարապետյանը կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսեցիների համար շաբաթական 2 անգամ 80 րոպե տևողությամբ առցանց դաս է վարում, պատասխանում ուսանողների հարցերին ու առաջադրանքներ ներկայացնում: Դասախոսը նշում է` 30 հոգանոց խմբից ամեն դասին մասնակցում են առնվազն 26-ը: «Առարկան քննական է, և առցանց դասընթացների միջոցով կարողանում ենք այնպես անել, որ ուսանողները պատշաճ կերպով պատրաստ լինեն: Ցանկացած հարց առցանց կապի միջոցով քննարկում ենք, խնդիրներ ենք լուծում, իսկ դասից հետո Մուդըլում կամ ուսուցման նպատակով ստեղծված ֆեյսբուքյան խմբում շարունակում ենք ակտիվությունը »,-ասաց Լուսինե Կարապետյանը:

Վիճակագրության ամբիոնի ասիստենտ Աննա Մատինյանը առցանց դասընթացներ է անցկացնում հաշվապահական հաշվառման և աուդիտի, ինֆորմատիկայի և վիճակագրության և կառավարման ֆակուլտետների 2-րդ կուրսերում: Ըստ դասացուցակների` նախատեսված 80 րոպե տևողությամբ դասընթացներին, դասախոսի հավաստմամբ, մասնակցում է կուրսի 60-70 տոկոսը: «Այն ուսանողները, որոնք լավ սովորող են և լսարանում նույնպես ակտիվ են, պատասխանատվորեն ակտիվությունը շարունակում են նաև հեռավար դասերի ընթացքում: Առցանց կրթության առանձնահատկություններից կնշեի այն, որ կրկնակի զգոն ենք, անկախ ժամից, շաբաթվա օրից, միշտ կապի մեջ ենք ուսանողի հետ»,-ասաց դասախոսը: Անդրադառնալով առցանց ուսուցման խնդիրներին` նա նշեց, որ գնահատման տեսանկյունից մտավախություն կա. դասախոսի կողմից պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն ուսանողին ըստ արժանվույն գնահատելու համար:

Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գայանե Հարությունյանը նշեց` առցանց դաս կազմակերպելու առումով դժվարություն չկա, սակայն կա խնդիր ուսանողի արձագանքն ընկալելու հետ կապված: Գայանե Հարությունյանն առցանց դասընթացներ է անցկացնում ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրանտների և 2-րդ կուրսի բակալավրերի համար: «Եթե լսարանում ուսանողի աչքերից կամ հայացքից հասկանում ենք` որքանով է ընկալել դասը, համացանցային կապի դեպքում շատ դժվար է հասկանալ ուսանողի արձագանքը»,-ասաց դասախոսը:

Լսարանային դասերն ու համալսարանական հագեցած առօրյան կարոտած ուսանողները ևս գնահատեցին առցանց ուսուցումը: Ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Ռուզաննա Կիրակոսյանը առցանց դասերի արդյունավետության մասին խոսելիս նշեց, որ համալսարանում ուսանող-դասախոս անմիջական կապն անփոխարինելի է, բայց ստեղծված իրավիճակում դասերից հետ չմնալու լավագույն տարբերակը առցանց ուսուցումն է: Նա հավաստիացրեց, որ ցանկացած հարցի դեպքում կարողանում են համացանցի միջոցով անկաշկանդ դիմել դասախոսներին: Կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Արսեն Սաֆարյանը զգալի տարբերություն է տեսնում, այսպես ասած, իրական և առցանց ուսուցման միջև: Մեր ուսանողը միջնորդավորված հաղորդակցության արդյունավետությունը ցածր է գնահատում: Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Լուսինե Խուրշուդյանը 10 բալանոց սանդղակով առցանց ուսուցման արդյունավետությունը 8 է գնահատում: «Համացանցային հարթակում դասախոսի, կուրսընկերների հետ կապը համալսարանում լինելու պատրանք է ստեղծում: Հետ չենք մնում դասերից և մեզ հետաքրքրող հարցերը համատեղ քննարկում ենք»,-ասում է ուսանողուհին:

Հիշեցնենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված ՀՊՏՀ-ն իրականացնում է առցանց ուսուցում, առաջին շրջանի արդյունքները տպավորիչ են. սույն հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Սիրելի′ ուսանողներ, դասախոսներ, հուսով ենք` շուտով կհանդիպենք մեր սիրելի ՀՊՏՀ-ում, իսկ մինչ այդ տարբեր հրապարկումներով կփորձենք անդրադառնալ մեր համալսարանում առցանց ուսուցման գործընթացին:

Հ.Գ. Նյութին կից ներկայացված են առցանց ուսուցման գործընթացը և դրան վերաբերող քննարկումները ներկայացնող լուսանկարներ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին