Չնայած արտակարգ դրությանը՝ ՀՊՏՀ-ում անխափան իրականացվում է նաև հետբուհական կրթությունը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այս շրջանում անխափան ձևով իրականացվել է նաև հետբուհական կրթությունը. երեկ առաջին տարվա հեռակա ասպիրանտներն ու հայցորդներն առցանց հանձնել են «Մասնագիտական օտար լեզու» առարկայի քննությունը: Այս մասին asue.am-ին հայտնեց ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը:
«Դասերի ընթացքից գոհ են ասպիրանտները: Գործընթացի բնականոն ընթացքը պայմանավորված է երկուստեք՝ սովորողների և դասախոսների պատրաստակամ ու պարտաճանաչ վերաբերմունքով: Երեկ էլ արդեն «Մասնագիտական օտար լեզու» առարկայից հանձնեցին առաջին առցանց քննությունը, որն անցավ պատշաճ մակարդակով (դասախոս՝ Լ. Ղազարյան): Ուսանողները ներկայացրեցին շնորհանդեսներ, անկաշկանդ մթնոլորտում պատասխանեցին քննական հարցերին: Այնպիսի տպավորություն էր, կարծես քննությունը ոչ թե առցանց էր իրականացվում, այլ լսարանային պայմաններում. ուսանողներն առերևույթ որևէ դժվարություն չունեցան: Առջևում մասնագիտական դասընթացների շարունակությունն ու յուրաքանչյուրի ավարտին դրանց քննություններն են»,- ասաց Եվգենյա Բազինյանը:
Հիշեցնենք, որ օրերս հաստատվել է 2020թ. գարնանային քննաշրջանի որակավորման քննությունների անցկացման ժամանակացույցը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Նշենք նաև, որ բաժինն իր շահառուների հետ ավելի սերտ աշխատելու համար էջ է բացել Ֆեյսբուքում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին