ՀՊՏՀ գործընկերների շարքում են նաև վարկային կազմակերպությունները

05.05.2022
Դիտումների քանակ՝ 1262

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործընկերների շարքը կայուն տեմպերով համալրվում է։ Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը համագործակցության հուշագիր ստորագրեց «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ունիվերսալ  վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) գործադիր տնօրեն Մխիթար Ազատյանի հետ, որը նաև ՀՊՏՀ բանկային գործունեության կազմակերպում մասնագիտության հեռակա մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող է։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը, կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը և ՈՒՎԿ անձնակազմի կառավարման ղեկավար Ինգա Ղասումյանը։

Ռեկտոր Դիանա Գալոյանը, ներկայացնելով ֆինանսական ոլորտի մասնագիտությունները, նշեց, որ Տնտեսագիտական համալսարանը երկրի ֆինանսական հատվածի համար մասնագետներ պատրաստող հիմնական բուհն է, և այս համատեքստում կարևորում է ֆինանսական ոլորտի կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Բուհի ղեկավարն ընդգծեց, որ Տնտեսագիտականը պատրաստակամ է համագործակցության տարբեր ձևաչափեր քննարկելու և իրականացնելու, որոնք կնպաստեն ուսանողների փորձառությունների, նրանց համար տարատեսակ դասընթացների կազմակերպմանը։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ունիվերսալ  վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) գործադիր տնօրեն Մխիթար Ազատյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության հրավերի համար և նշեց, որ պատրաստ են ուսանողներին աջակցել թե՛ փորձառությունների կազմակերպման, թե՛ թափուր հաստիքների համալրման գործընթացում, թե՛ քննարկել այլ օգտակար նախաձեռնություններ։