«Ո՞րն է հաջողակ լինելու գաղտնիքը»․ ONE TALK նախաձեռնությունը ներկայացվեց ՀՊՏՀ-ում
«Ո՞րն է հաջողակ լինելու գաղտնիքը» հարցի պատասխանը ՀՊՏՀ ուսանողների հետ այսօր փորձեցին պարզել Scream of soul ընկերության հիմնադիր Դանիել Արուտյունովը, ANNA SALOME fashion marketing agency-ի հիմնադիր Աննա Սալոմեն և Hover Boutique Hotel-ի հիմնադիր Վարուժան Բաբախանյանը։ Նրանց հաջողության պատմություններն ու խորհուրդները ՀՊՏՀ-ում ներկայացվեցին ONE WAY Tour զբոսաշրջային ընկերության նոր նախաձեռնության՝ ONE TALK-ի շրջանակներում։
Դանիել Արուտյունովը էքստրեմալ սպորտի բնագավառում առաջին քայլերն արել է դեռ 2015 թվականից։ Էքստրիմը սկզբում պարզապես հոբբի էր, հիմա արդեն՝ ապրելակերպ և հիմնական եկամտի աղբյուր իր և թիմակիցների համար։ Իսկ որ ցանկացած գործում հաջողության հասնելու կարևորագույն գրավականը թիմն է, Դանիելը կասկած չունի։ Պարանով թռիչք, կիրճագնացություն, ժայռամագլցում․ Scream of soul-ն արդեն 7 տարի վառ և անմոռանալի զգացողություններ է պարգևում իր հաճախորդներին, որոնք, Դանիելի խոսքով, ամենախենթն են։ Եթե այդպիսիք կան նաև Տնտեսագիտականում, պատրաստ՝ պարանով կապված թռչել ժայռից, կամրջից, բարձրահարկ շինություններից, բարձրանալ ամենաանհնար թվացող ժայռերը, Դանիելն առաջարկում է՝ գալ, ծանոթանալ և օգտվել 15 տոկոս զեղչի հնարավորությունից, որ կտրամադրեն հատուկ ՀՊՏՀ ուսանողներին։
Աննա Սալոմեն նորաձևության մարքեթինգի առաջին մասնագետն է Հայաստանում։ Հաջողության պատմություններ որոշեց չպատմել, կարծում է՝ դեռ հաջողության կերտման ճանապարհին է։ Բայց առանձնացրեց մի քանի բանաձևումներ, որոնց հանգել է անձնական կյանքի բրենդինգը մշակելիս․ Տնտեսագիտական բուհի երբեմնի ուսանողուհին մեկընդմիշտ որոշեց՝ լավ է լինել առաջինը, քան լավագույնը, և գնաց երազանքի հետևից։ Նույնը խորհուրդ է տալիս հարազատ բուհի ներկայիս ուսանողներին։
Hover Boutique Hotel-ի հիմնադիր, ՀՊՏՀ շրջանավարտ Վարուժան Բաբախանյանը սեփական բիզնեսն սկսել է՝ գրպանում ունենալով ընդամենը 38 000 դրամ։ ՀՊՏՀ ուսանողներին ավելի շատ պատմեց ոչ թե իր հաջողություններից, այլ անհաջողություններից, որոնցից ճիշտ հետևություններ անելով՝ հասել է այն ամենին, ինչի մասին ժամանակին կարող էր միայն երազել։ «Եթե ուզում ես զբաղվել բիզնեսով, բայց չունես երազանք, ապա դա անհույս գործ է։ Իսկ եթե գալիս է երազանքը, ապա փախչելու տեղ չունես»,- վստահեցնում է Վարուժանը։ Երիտասարդը հավատում է՝ բիզնեսում հաջողության հասնելու համար, երազելուց զատ, պետք է նաև անուղղելի լավատես լինել։
Երեք բանախոսն էլ վստահեցրին՝ հաջողելու գաղտնիքը, իրականում, մեր մեջ է․ պետք է միայն փնտրել ու գտնել այն։