«Գրքամանիա» . ՀՊՏՀ նորաստեղծ ընթերցասերների ակումբը կմիավորի գրքասերներին
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի մի խումբ ընթերցասերների նախաձեռնությամբ ստեղծվել «Գրքամանիա» ակումբը, որը կհամախմբի համալսարանի ընթերցասերներին, կկազմակերպի գրքերի քննարկումներ, կխրախուսի կարդացողներին ու ստեղծագործողներին:
Այսօր նորաստեղծ ակումբի առաջին միջոցառումն էր, իսկ քննարկման թեման՝ ֆրանսիացի գրող Ալբեր Քամյուի «Անկում» ստեղծագործությունը: Մասնակցելու էին հրավիրված փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյանը, փ.գ.թ., դոցենտ Մարետա Նիկողոսյանը, դասախոս Արփինե Մալքջյանը:
Ակումբի համահիմնադիրներն են մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Գայանե Միքայելյանը, Մելինե Աբրահամյանը, Աքսենյա Վարդանյանը և ֆինանսական ֆակուկուլտետի 3-րդ կուրսեցի Թամարա Կարապետյանը: Ակումբի բացման կապակցությամբ խանդավառ ընթերցասերները լիահույս են, որ իրենց նախաձեռնությունը կկարողանա ընթերցասիրությամբ ոգեշնչել ոչ միայն Տնտեսագիտական մայր բուհի, այլև ուրիշ համալսարանների ուսանողներին:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Գայանե Միքայելյանը նշեց, որ առաջիկա հանդիպումներին նախատեսում են հրավիրել հայաստանյան տարբեր բուհերի ուսանողների: Գրքասեր ուսանողուհին մեզ պատմեց թե ինչպես է ստեղծվել ակումբ հիմնադրելու գաղափարը, ինչ ձևաչափով են լինելու միջոցառումները և այլն:
«Մարքեթինգում տեղ չունի կաղապարված մտածողությունը, պետք է լինել ստեղծագործ, նորարար, ներկայանալի, ճարտարախոս, իսկ այդպիսի որակներ զարգացնելու համար մենք պետք է շատ կարդանք: Մեզ՝ տնտեսագետ ուսանողներիս համար, բացի մասնագիտական գրականությունից, կարևոր է գիրք կարդալը, հայ և համաշխարհային գրականությանը ծանոթ լինելը: Ուստի որոշեցինք հիմնադրել մի ակումբ, որտեղ կարող ենք մեկտեղել գրքասերներին, տեղծագործողներին, քննարկումներ անել, բանավիճել, մտքեր փոխանակել և ի վերջո, ավելին սովորել: Ֆեյսբուքում ստեղծել ենք «Գրքամանիա ակումբ» խումբը, որտեղ կազմակերպում ենք մրցույթներ, որոշում ենք, թե ինչ գիրք ենք քննարկելու առաջիկայում և այլն: Ակումբի հետ կապված շատ ծրագրեր կան, համագործակցելու ենք դասախոսների, հատկապես՝ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի, ՀՊՏՀ գրադարանի, այլ բուհերի հետ: Մեր տեսադաշտում են թե' հայ, թե' արտասահմանցի գրողները, ինչպես նաև երիտասարդ հայ հեղինակները: Նպատակ ունենք նաև բացահայտելու ՀՊՏՀ շնորհալի ստեղծագործողներին»,-մանրամասնեց Գայանեն:
Այսօր, նախքան «Անկում»-ը ստեղծագործության քննարկումը, կազմակերպվեց մրցույթ, որի պայմանն էր գուշակել, թե բաժանված թղթիկների վրա գրված մեջբերումները որ գրքից են: Հաղթեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման 2-րդ կուրսեցի Մարինե Հարթենյանը և արժանացավ գիրք-մրցանակի: Այնուհետև ունկնդիրները Քամյուի ստեղծագործության վերաբերյալ իրենց մեկնաբանությունները ներկայացրին՝ առանձնահատուկ կանգ առնելով էքզիստենցիալիզմի առանձնահատկությունների վրա:
Ուսանողների նախաձեռնությանը մաղթում ենք բարի երթ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին