ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են օրենսդրական փաթեթի շուրջ լսումների

Դիտումների քանակ՝ 1198

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ներկայացուցիչները՝ քիմ.գ.թ., դոցենտ Ռազմիկ Պետրոսյանը, տ.գ.թ., դոցենտ Ալիսա Գևորգյանը և տ.գ.թ. Նորա Այվազյանը ՀՀ բնապահպանոթյան նախարարության հրավերով դեկտեմբերի 18-ին մասնակցել են «Էկոլոգիական ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ լսումներին: Ներկա են եղել Բնապահպանության, Կրթության և գիտության նախարարության պաշտոնատար անձինք, բուհերի դասախոսներ, ՀԿ անդամներ: Մասնավորապես խոսվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, էկոլոգիական կրթության և դաստիարակության գործընթացների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման կարգի և «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց Ռազմիկ Պետրոսյանը՝ միջոցառումը նշանակալից է եղել նրանով, որ արծարծվել են ՀՀ-ում էկոլոգիական կրթության և դաստիարակության օրենսդրական ակտերի կարգավորման հարցերը, որոնք ուղղված են եղել տնտեսական զարգացման նոր պայմաններում էկոկրթության և դաստիարակության ոլորտի բարեփոխմանը: «Ուշագրավ էր հատկապես այն, որ առաջին անգամ էկոկրթությանը նվիրված օրենսդրական ակտերում անհրաժեշտ մակարդակով արդիականացվեց էկոկրթության և դաստիարակության զարգացման խնդիրը՝ համայնքային մակարդակով»,-ընդգծեց Ռազմիկ Պետրոսյանը:
ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով՝ անդրադառնալով այն հիմնախնդիրների լուծմանը, որոնք բխում են 2018թ. ՀՀ կառավարության կողմից հավանության ստացած էկոլոգիական կրթության ու դաստիարակության հիմնադրույթներից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին