ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի շնորհավորանքը ՀՀ Անկախության տոնի առթիվ
Սիրելի՛ ուսանողներ, գործընկերներ, հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության կարևորագույն տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի՝ իրականություն դարձնելով իր նվիրական իղձերից մեկը և սկիզբ դնելով մեր պետության զարգացման մի նոր ճանապարհի: Անկախության ճանապարհը, անշուշտ, հեշտ չէ, սակայն պետականության կերտման բաղձալի առաքելությունը ստանձնած հայ ժողովուրդը արդեն շուրջ 3 տասնամյակ իր ջանքերն է ներդնում երկրի զարգացման և բարենորոգման համար:
Անկախությունը քայլ առ քայլ երկիրը շենացնելու, մեր հայրենիքը զարգացնելու, մեր ապագան ավելի գեղեցիկ կառուցելու լավագույն ճանապարհն է: Վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեզ վստահված ոլորտում մեր բարեխիղճ աշխատանքով, հայրենիքի հանդեպ մեր նվիրումով կարող ենք մեր փոքր, բայց նաև նշանակալի ավանդը բերել այդ գործին: Հայրենիքի հանդեպ սերը զորեղ է և օգնում է հաղթահարել երբեմն նույնիսկ անհավանական թվացող դժվարությունները: Այս գեղեցիկ տոնի առթիվ ես ևս մեկ անգամ իմ շնորհավորանքն եմ հղում այն հավատով, որ վաղվա օրը մեր պետության համար լինելու է ավելի լուսավոր:
Հարգանքով՝
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար