Համախմբելով նոր գաղափարներ ունեցող հանրությանը. հանդիպում՝ TEDxASUE միջոցառումից առաջ
TED (Technology, Entertainment and Design) ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ ուսանողները, աշխատակիցներն ու շրջանավարտները հնարավորություն կունենան հանրայնացնել իրենց նոր գաղափարները: Սեպտեմբերի 29-ին ՀՊՏՀ-ում առաջին անգամ տեղի կունենա TEDx միջոցառում՝ «Կոտրելով սահմանները» կարգախոսի ներքո: Այս առիթով այսօր համալսարանի դահլիճում տեղեկատվական հանդիպում էր, որը կայանալիք միջոցառմամբ հետաքրքրվողներին TEDx-ի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց՝ ի՞նչ է այն, ի՞նչու մասնակցել և ի՞նչ ակնկալել: Մասնակցում էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և աշխատակիցները, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը, ուսանողներ: Հանդիպումը վարեց ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Գրիգորյանը, ում նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ն միանում է TED ծրագրին, լսարանին ներկայացրեց TED միջազգային կազմակերպության առաքելությունը: Անկախ մշակույթից, կրթությունից, ռասայից, ազգային պատկանելությունից՝ կազմակերպությունը խրախուսում և միավորում է նորարար գաղափարներ ունեցողներին և այս համատեքստում աշխարհի մի շարք երկրներում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, ամփոփ և ազդեցիկ ելույթների միջոցով անհատները տարածում են իրենց գաղափարները: Այս սկզբունքով է անցկացվելու նաև TEDxASUE միջոցառումը, որին կարող են միանալ բոլոր ՀՊՏՀ-ականները՝ լրացնելով հետևյալ հայտադիմումը։
Գոհար Գրիգորյանը ելույթից հետո պատասխանեց ունկնդիրների հարցերին:
Սեպտեմբերի 29-ին կայանալիք միջոցառման մասին ավելի վաղ հրապարակել էինք հայտարարություն, TED-ի մասին տեղեկատվություն կարող եք գտնել նաև ted.com կայքում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին