ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

01.09.2021
Դիտումների քանակ՝ 1251

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթության ոլորտի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Այսօրվանից սկսվում է բացահայտումների ու ձեռքբերումների, նորանոր գիտելիքներով զինվելու մի նոր ուսումնառության շրջան, որը որքան բարդ, նույնքան էլ հետաքրքիր ու գրավիչ է լինելու:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, այսօր ձեր կյանքի կարևոր փուլերից մեկի սկիզբն է։ Առջևում տարիներ են, երբ դուք ավելի ու ավելի կհարստացնեք ձեր գիտելիքներն աշխարհաճանաչողության հետաքրքիր գործում։

Ձեր առջև բացվում է ապագան՝ իր բազում հնարավորություններով, և ես առավել քան վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը շատ ու շատ բարձունքներ է նվաճելու և ապագայում ևս մեծ ոգևորությամբ է շարժվելու դեպի գիտելիքը, կրթությունը։

Մաղթում եմ նպատակասլացություն և գիտելիքի արժևորման բարձր գիտակցություն։ Դուք պետք է առանց վարանելու, անհապաղ շարունակեք ձեր կյանքի հաջորդ քայլերը կատարել այնպես, որ օրինակ դառնաք բոլորի համար։ Ծառայե՛ք ձեր հայրենիքին, դարձե՛ք ձեր ծնողների հպարտության պատճառը։ Թող նոր կյանքի ձեր ճամփան ուղեկցվի խաղաղությամբ։

Բարի ճանապարհ ձեզ նորանոր բարձունքներ նվաճելու գործում։ Վերելքներով լի ուղի եմ մաղթում կրթական այս բարդ, բայց հետաքրքիր գործընթացում։

Հարգանքով՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյան