ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղերձը ուսանողներին

17.11.2021
Դիտումների քանակ՝ 1035

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ, ՀՊՏՀ քոլեջի սովորողներ, շնորհավորում եմ ձեզ նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողության միջազգային տոնի առթիվ:

Կրթության և գիտության ճանապարհը, որն ընտրել եք և որն անցնում եք Տնտեսագիտական մայր համալսարանի հովանու ներքո, վստահ եմ` ձեզ համար կդառնա կայացած ու ինքնահաստատ քաղաքացու կերտման, հիանալի ապագայի գրավական: Ուստի հորդորում եմ` լա՛վ սովորեք, ինքնակրթվե՛ք և շարունակաբա՛ր կրթվեք: Մեր երկրին պետք են ուսյալ, բազմակողմանի զարգացած և հմտություններով օժտված մասնագետներ:

Հավաստիացնում եմ՝ դուք եք մեր հավատն ու հույսը, մեր հայրենիքը կառուցողն ու շենացնողը, վաղվա գիտնականն ու մտավորականը: Եվ սրանք լոկ խոսքեր չեն, այլ ձեզ խորապես ճանաչելուց սերված համոզմունք: Դուք, հիրավի, կրողն եք հզոր ներուժի՝ առաջադեմ ու գաղափարապես հասուն:

Սիրելի´ ուսանողներ, թող որ անձնական երջանկությունը, աշխատանքի բերկրանքը, սեփական ուժերի նկատմամբ վստահությունը ամուր հիմք հանդիսանան և օգնեն ձեզ դիմակայել անխուսափելի մարտահրավերներին և կյանքի կոչել ամենահամարձակ մտահղացումները։

Հարգանքով՝
ՀՊՏՀ ռեկտոր
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ