Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում հրապարակվել է Վարդան Աթոյանի համահեղինակած հետազոտությունը

17.11.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1858

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների և գիտական տեղեկատվության ինստիտուտում (Институт научной информации по общественным наукам Российской академии наук; Institute of Scientific Information for Social Sciences of the Russian Academy of Sciences) օրերս հրապարակվել է ՀՊՏՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանի համահեղինակությամբ իրականացված՝ «ԵԱՏՄ վերլուծական կենտրոնների ատլաս» վերնագրով հետազոտությունը:

Աշխատանքը համահեղինակել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների և գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսեյ Վլադիմիրի Կուզնեցովը, նշված ինստիտուտի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Մ. Վիլիսովը և CENTERO հետազոտական ասոցիացիայի փորձագետ Լ. Վավիլովան:

«ԵԱՏՄ վերլուծական կենտրոնների ատլասը» 206 էջ ծավալով հետազոտություն է, որն ամփոփում է համապատասխան մեթոդաբանությամբ հավաքված տեղեկություններ ԵԱՏՄ տարածքում գործող այնպիսի կազմակերպությունների մասին, որոնք ակադեմիական գրականության մեջ բնորոշվում են որպես «վերլուծական կենտրոն» կամ «ուղեղային կենտրոն» (think tanks): Աշխատությունն իր տեսակով առաջին նման փորձն է: Հետազոտությունում ընդհանուր առմամբ ամփոփվել է 213 հաստատության վերաբերյալ տեղեկատվություն (Հայաստանից՝ 31, Բելառուսից՝ 38, Ղազախստանից` 35, Ղրղզստանից՝ 9, Ռուսաստանից՝ 100):

Աշխատանքը նախատեսված է հասարակական գիտությունների ոլորտում հետազոտողների և տարածաշրջանի ուղեղային կենտրոնների գործունեության արդյունքներով հետաքրքրված շրջանակների համար:

Աշխատանքի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: