ՀՊՏՀ գիտխորհուրդը կիսամյակային քննաշրջանի վերաբերյալ նոր որոշում է ընդունել

Դիտումների քանակ՝ 4583

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդն այսօր առցանց հարցմամբ անցկացված նիստով որոշում է ընդունել 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի ու մագիստրատուրայի քննաշրջանի ընթացքում քննությամբ ավարտվող դասընթացների թվի կրճատման մասին։

Նոր կորոնավիրուսային համաճարակի տարածման հետևանքով 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը առցանց անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդը որոշել է հետևյալը․

  1. Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատում սահմանել քննությամբ ավարտվող երկու դասընթաց՝ տվյալ կրթական ծրագրի համար մասնագիտական համարվող քննությամբ ավարտվող դասընթացներից (ըստ սույն որոշման Հավելվածի)։
  2. Առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայում սահմանել քննությամբ ավարտվող երեք դասընթաց՝ տվյալ կրթական ծրագրի համար մասնագիտական համարվող քննությամբ ավարտվող դասընթացներից (ըստ սույն որոշման Հավելվածի)։
  3. Մյուս քննական առարկաները սահմանել որպես ստուգարքով ավարտվող և չեզոքացնել դրանց ազդեցությունը միջին որակական գնահատականի (ՄՈԳ) վրա։
  4. Առկա բակալավրիատում նախկինում քննությամբ ավարտվող դասընթացների ակտիվության գնահատականի վերահաշվարկը կատարել ակտիվության գնահատականը բազմապատկելով 1,5 գործակցով։
  5. Հեռակա բակալավրիատում նախկինում քննությամբ ավարտվող և անհատական աշխատանք պարունակող դասընթացների ստուգարքով ավարտվող դառնալու պարագայում հանել անհատական աշխատանքի բաղադրիչը և ստուգարքի գնահատականը սահմանել 20 միավոր։
  6. Առկա և հեռակա մագիստրատուրայում նախկինում քննությամբ ավարտվող դասընթացների ակտիվության գնահատականը սահմանել 60 միավոր և վերահաշվարկը կատարել ակտիվության գնահատականը բազմապատկելով համապատասխան գործակցով։

Քննական առարկաներն ըստ ֆակուլտետների և կուրսերի կարող եք տեսնել այստեղ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին