ՀՊՏՀ ուսանող Ժիրայր Առաքելյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

09.02.2021
Դիտումների քանակ՝ 1103

Ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, ժամկետային զինծառայող Ժիրայր Առաքելյանը ԱՀ նախագահի հրամանագրով օրերս պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Նա Արցախա-ադրբեջանական պատերազմում աչքի է ընկել սխրանքներով, Դ-20 հրանոթի հրամանատար է, սերժանտ: 19-ամյա հայրենանվեր երիտասարդը թշնամու մի քանի տեխնիկա է խոցել, իր առջև դրված մարտական խնդիրները կատարել է հմտորեն ու անտրտունջ, ինչի համար էլ պատերազմից հետո արժանացել է նշված մեդալին: Ժիրայրը նաև ՀՀ զինված ուժերի «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանակիր է:

Ժիրայր Առաքելյանը բանակ է զորակոչվել 2020 թ. ձմռանը, ծառայում է Ներքին Հոռաթաղի հրետանային գնդում: Պատերազմի ընթացքում նրանց զորախումբը պաշտպանել է Մարտակերտի, Մատաղիսի սահմանները:

asue.am կապ հաստատեց նրա հետ, շնորհավորեց և զրուցեց։ Ժիրայրը լավատեսորեն էր տրամադրված և վստահ էր՝ հայոց բանակը ուժեղ է և առաջիկայում էլ կհզորանա՝ բանիմաց և հմուտ զինվորականների շնորհիվ։ Մեր հերոսը վստահեցնում է՝ ամեն բան լավ է լինելու:

Ժիրայրին և մեր բոլոր զինվորներին մաղթում ենք առողջություն ու խաղաղ ծառայություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին