ՀՊՏՀ ուսանողուհին մասնակցել է Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում կազմակերպված գիտաժողովին
Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում դեկտեմբերի 2-ին կազմակերպվել է «Լոմոնոսով» ուսանողական գիտաժողով, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի, ՈՒԳԸ անդամ Նարինե Պետրոսյանը: Մեր ուսանողուհին գիտաժողովին մասնակցել է տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ. Ֆիրուզա Մայիլյանի նախաձեռնությամբ:
«Մեր ուսանողուհին գիտաժողովին ներկայացել է «Դոլարայնացումը որպես ԵԱՏՄ երկրների ֆենոմեն» թեմայով զեկուցմամբ, որը կտպագրվի գիտաժողովի ժողովածուում, որից հետո՝ լավագույնները կընտրվեն և կտպագրվեն նաև Մոսկվայի պետական համալսարանի տարեկան ժողովածուում: Մեր ուսանողուհին բավական լավ ներկայացրեց թեման, հնչեցին հարցադրումներ, ինչը, կարծում եմ, լավ արդյունք է»,- asue.am-ին ասաց Ֆիրուզա Մայիլյանը:
«Գիտաժողովը հետաքրքրիր էր նախ նրանով, որ արտահամալսարանական միջոցառում էր, հետո՝ նաև օտարալեզու էր: Սա օտարալեզու միջոցառման մասնակցելու իմ երկրորդ փորձն էր, որում ինձ շատ օգնեց ընկեր Մայիլյանը՝ թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային մասով: Գիտաժողովի մթնոլորտը շատ դրական էր, իմ ներկայացրած թեման, ինչպես նաև սլայդերով ուղեկցվող շնորհանդեսը, բավական հետաքրքրություն առաջացրեց, ինչի մասին ասացին կազմակերպիչները: Նրանք նաև շնորհակալություն հայտնեցին մեզ՝ նշելով, որ հայաստանյան բուհերից մենք միակ մասնակիցն ենք»,- ասաց Նարինե Պետրոսյանը՝ հավելելով, որ Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչները նպատակամղված են ամրապնդելու ՀՀ բուհերի հետ համագործակցությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին