ՀՊՏՀ թիմը ֆինանսական միջբուհական ուսանողական մրցույթի ոսկե գավաթակիրներից է

Դիտումների քանակ՝ 1795

«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կազմակերպած միջբուհական ամենամյա Finance challenge մրցույթում ՀՊՏՀ-ն 2-րդ անգամ դարձել է գավաթակիր: Մրցույթը տեղի է ունեցել երեկ, մասնակցել է 5 բուհ, ոսկե գավաթակիր են դարձել 3-ը՝ ՀՊՏՀ-ն, Հայաստանում ամերիկյան և Հայաստանում ֆրանսիական համալսարանները:

Մրցույթում առաջադրվել են ֆինանսական ոլորտին առնչվող իրավիճակային խնդիրներ, որոնց թիմերի տված ամենալավ լուծումները գնահատվել են մրցատյանի կողմից:

ՀՊՏՀ թիմը ներկայացրել են հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի բակալավրիատի 3-4-րդ կուրսերի 11 ուսանողներ: Մրցույթին թիմի մասնակցությունը համակարգել է ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ Լևոն Սահակյանը:

asue.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՀՊՏՀ-ականները փայլուն են հանդես եկել:

«Մեր ուսանողների պատասխանները հարուստ էին վերլուծական հաշվարկներով և մասնագիտական դատողություններով»,-ասաց Լևոն Սահակյանը:

Մեր ուսանողներին հաղթանակի առիթով շնորհավորեցին հաշվապահական հաշվառման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը և ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը:

Դեկան Մերի Բադալյանն այս հաղթանակը շատ է կարևորում՝ նշելով, որ ֆակուլտետի թիմի համար սա արդեն երկրորդ հաղթանակն է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ի տարբերություն անցած տարվա, այս տարվա խաղն անցկացվել է մեծ մրցակցության պայմաններում, մասնակցել են շատ պատրաստված թիմեր, սակայն ի պատիվ ՀՊՏՀ-ի՝ ֆակուլտետի թիմը հայտնվել է ոսկե գավաթակիրների շարքում: «Ցանկանում եմ նաև նշել, որ ֆակուլտետի ղեկավարությունը և ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը մեծապես աջակցել են թիմին: Շնորհավորում եմ բոլորիս»,- ասաց ֆակուլտետի ղեկավարը:

«Հպարտ ենք, որ մեր ֆակուլտետի ուսանողներն իրենց տեսական ու գործնական բարձր գիտելիքների շնորհիվ պատվով են ներկայացնում ՀՊՏՀ-ն, և թույլ տվեք նշել, որ 3-4-րդ կուրսերի ուսանողների մեծ մասն աշխատում է, մեր ուսանողները մրցունակ են, ինչը ոգևորիչ է դասախոսական կազմի համար»,-ասաց Ալվարդ Սարգսյանը:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին