ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Հոսպիտալ մենեջմենթ» 2-րդ դասընթացը՝ առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար
ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարներ, ավագ բուժաշխատողներ և բժշկական կազմակերպությունների ոչ բժիշկ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, ընդհանուր թվով 30 մասնակից, 9 շաբաթ շարունակ նոր գիտելիք կստանան բուժհաստատությունների կառավարման առանձնահատկությունների շուրջ: ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեց «Հոսպիտալ մենեջմենթ» 2-րդ դասընթացը, որի կազմակերպիչներն են ՀՊՏՀ-ն ու Ազգային բժշկական պալատը:
Մեկնարկի առիթով մասնակիցներին ողջունեցին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, արտաքին կապերի դեպարտամենտի պետ Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը:
Պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ այս դասընթացը մասնագիտական գիտելիքների և որակավորման բարձրացման արդյունավետ հարթակ է լինելու՝ վկայակոչելով նախորդ դասընթացի արդյունքները՝ մասնակիցների պաշտոնական առաջընթացն ու գոհունակությունը:
Ողջույնի խոսք ասաց Ազգային բժշկական պալատի նախագահ, դասընթացավար Նարեկ Վանեսյանը, գործակցության համար շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ-ին, ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին, ապա մասնակիցներին վստահեցրեց՝ առաջիկա ամիսներին ստանալու են իրենց ոլորտին առնչվող բացառապես նոր գիտելիք:
Թանկ գնահատելով դասընթացի յուրաքանչյուր րոպեն՝ դասընթացավարն անմիջապես սկսեց առաջին դասը՝ «Առողջապահության կառավարում» թեմայով:
Նախաձեռնության կազմակերպական աշխատանքներին աջակցել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը:
«Հոսպիտալ մենեջմենթ-2»-ը կամփոփվի ապրիլի 18-ին: Մաղթում ենք բարի երթ:
Նախորդ` դեկտեմբերին մեկնարկած դասընթացի մասին մեր անդրադարձը՝ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին