ՀՊՏՀ կանայք՝ կառավարիչներ, գիտնական-մանկավարժներ, հետազոտողներ

10.03.2023
Դիտումների քանակ՝ 1080

Գարնանամուտն ու կանանց տոները լավ առիթ են ընդգծելու ու կարևորելու կնոջ գործուն դերը ընտանիքում, հանրային կյանքում, մասնագիտական դաշտում, կենսունակ և առողջ հասարակության ձևավորման գործում։

Մեր համալսարանի բարի համբավը կերտում են մեծաթիվ կանայք, որոնք ներդաշնակորեն համատեղում են այս դերերը և իրենց ներդրումն են ունենում բարձրագույն կրթության և գիտության զարգացման բնագավառում։ Գիտնական-մանկավարժներ, հետազոտողներ, կառավարիչներ, աշխատակիցներ․ նրանք գործունեություն են ծավալում առավելագույն արդյունավետությամբ՝ իրենց մտավոր ներուժը, մասնագիտական գիտելիքները, փորձն ու կառավարչական հմտությունները ծառայեցնելով Տնտեսագիտական համալսարանի զարգացմանը։

Այսօր մեր բուհի ղեկավարության հետ մեկտեղ, որը գլխավորում է ՀՊՏՀ պատմության մեջ առաջին կին ռեկտորը, իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում ռեկտորատը, ֆակուլտետների դեկանատները, ամբիոնները, վարչական անձնակազմը, որոնք համալրված են մեծ թվով կին աշխատակիցներով և ղեկավարներով։ Բուհի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատում են ամենատարբեր մասնագիտություններ ունեցող կին վարչարարներ՝ ռազմավարական կառավարումից մինչև մարդկային ռեսուրսների կառավարում, ուսումնական գործի կազմակերպումից մինչև միջազգային կապերի, մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի իրագործում, ասպիրանտուրա, հաշվապահություն, իրավաբանական, կարիերայի և հատուկ բաժիններ, գրադարան․ այսինքն՝ տնտեսագետ ու իրավաբան, միջազգայնագետ ու լրագրող․․․ Կարևորագույն այս օղակներում բանիմաց վարչարարներն իրենց ծառայությունն անմնացորդ նվիրաբերում են սիրելի գործին՝ մասնագիտական աշխատանքը զուգակցելով կրթության գործի կազմակերպչի կարողություններով, կանացի իմաստնությամբ ու նրբանկատությամբ։ Նրանք նաև բարձր արժեքների կրող են՝ առաջադեմ են, միաժամանակ՝ ավանդույթները գնահատող ու պահպանող, պայքարող են, միաժամանակ՝ հարգալից ու բարեսիրտ։

Շնորհավորում ենք ՀՊՏՀ-ում աշխատող բոլոր կանանց և աղջիկներին, մաղթում ենք առողջություն, եռանդ ու լավատեսություն, աշխատանքային ձեռքբերումներ, և որ տոնի զգացողությունը, սիրված ու գնահատված լինելու զգացումը այցելեն նրանց հաճախ ու տևական։